Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին 2 տոննա թմրանյութ պարունակող թունել են հայտնաբերել
ԱՄՆ-ի իշխանություններն ուրբաթ հայտնել են Մեքսիկայի հետ սահմանին նոր ստորգետնյա թունել հայտնաբերելու մասին, որն օգտագործվել է թմրանյութերի տեղափոխման համար:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով` թունելից երկու տոննա թմրամիջոց է առգրավվել, որոնք նախապատրաստել էին ուղարկելու համար: Թե ինչ տեսակի թմրանյութ է առգրավվել, չի հաղորդվում: Ստորգետնյա անցումը տեղակայված է եղել մեքսիկական Տիխուանա սահմանամերձ քաղաքի օդանավակայանի հարևանությամբ:
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ են նման ստորգետնյա անցումներ հայտնաբերվում Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանի մոտ: Իշխանությունների կարծիքով` թմրամիջոցներից բացի դրանք օգտագործվում են նաև Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալներին ԱՄՆ տեղափոխելու համար: