Հոնկոնգում սատկել է աշխարհի ամենածեր պանդան (տեսանյութ)
Հոնկոնգի թեմատիկ այգիներից մեկում սատկել է աշխարհի ամենածեր պանդան, որը բնակվում էր ոչ ազատ բնության գրկում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ցզյա Ցզյա անունով մեծ պանդան 38 տարեկան էր, ինչը հավասարազոր է 100 տարուց ավելիի` մարդկային չափորոշիչներով:
Ցզյա Ցզյայի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր վերջին մի քանի շաբաթում: Կենդանին հրաժարվում էր ուտելիքից և չափազանց շատ էր նիհարել: Այգու աշխատակիցները ստիպված են եղել նրան քնեցնելու որոշում կայացնել:
Մեծ պանդան 1999 թվականից բնակվում էր Հոնկոնգի Ocean Park թեմատիկ այգում: Անցյալ տարվա հունիսին այգում հանդիսավոր տոնակատարությամբ նշել էին կենդանու 37-ամյակը:
Ցզյա Ցզյային կարելի է երկարակյաց կենդանի համարել, քանի որ վայրի բնության գրկում մեծ պանդաները միջինում 20 տարի են ապրում, իսկ մարդկանց հոգածության պարագայում` 25 տարի: