ՀԱՊԿ երևանյան դեկլարացիան, հիրավի, պատմական է. Էդուարդ Շարմազանով
Հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ավարտին առանձին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության հարցով, որ եղավ հայկական կողմի առաջարկով, շատ կարևոր էր Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին որոշ ուղերձներ հղելու առումով: Պակաս կարևոր չէր Երևանյան դեկլարացիան՝ մինչև 2025թ. ռազմավարության ընդունման առումով:
Tert.am-ի հետ զրույցում Երևանում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստի արդյունքներով նման գնահատական տվեց ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Երևանյան դեկլարացիան պատմական էր, շատ հավակնոտ: Եվ երկրորդ. անդամ երկրները, այժմ՝ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկիր Ռուսաստանի Դաշնության նախագահը, ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահ երկրի նախագահը այդ թվում նաև, ևս մեկ անգամ վերահաստատել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: Սա այն է, ինչի մասին հայկական դիվանագիտությունը խոսում էր քառօրյա պատերազմից հետո»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցին, հայտնել էր, որ Երևանում ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հայտարարություն չեն ընդունի։
«Ո՛չ, այսօր ոչ»,- հայտարարել էր Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում որոշումները ընդունվում են կոլեգիալ. եթե անդամ երկրներից մեկը որոշման վրա վետո է դնում, այն չի ընդունվում:
Անդրադառնալով հայտարարության բովանդակային կողմին, որը համընկնում է քառօրյա պատերազմից հետո հայկական կողմից բարձրաձայնումների հետ, ՀՀԿ խոսնակը մեկնաբանեց. «Այսինքն՝ շատ կարևոր է, որ Ղրղըզստանը, Ղազախստանը, ինչու չէ՝ Բելառուսը, որը և Ղազախստանը մերթընդմերթ ադրբեջանահաճո հայտարարություններով էին հանդես գալիս, ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարությունները ու պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Իսկ դրանց դեմ, եթե հիշում եք, խոսում էր մեկ պետություն՝ Ադրբեջանը»։
Որպես ամփոփում Էդուարդ Շարմազանովը նշեց՝ ՀԱՊԿ անդամ երկրները ուղղակի մեսիջ հղեցին Իլհամ Ալիևին, որ նա պետք է և պարտավոր է իրականացնել Վիեննայի և սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունները: