ՀՀ դերը ՀԱՊԿ-ում միշտ եղել է բարձր, նաև առանց գլխավոր քարտուղարի պաշտոնի. Գ. Մինասյան
Հայաստանի դերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում միշտ եղել է բարձր, նաև ՀԱՊԿ-ի որոշ կառույցներ ստեղծվել են հենց ՀՀ նախաձեռնությամբ՝ չունենալով անգամ այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը. Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ երևանյան նստաշրջանում գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգելու հարցին՝ ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Այդ պաշտոնը հնարավորություն է որոշակի հարցեր բարձրացնելու, և մենք այդ աշխատանքը արել ենք առանց պաշտոնն ունենալու,- ասաց նա՝ ավելացնելով, որ քարտուղարի գործոնը կարևոր է այնքանով, թե որ երկիրն է ներկայացնում,- այդուհանդերձ ՀԱՊԿ-ի առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի ներկայացուցիչը որպես ՀԱՊԿ-ի քարտուղար, նույնը չի լինի մեզ համար, քան օրինակ՝ Ղրղըզստանի ներկայացուցիչը»:
Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն ընդամենը հետաձգված է, և եթե նորի նշանակման ժամանակ Ռուսաստանից ներկայացուցիչ չլինի, ապա ըստ հերթականության, ռոտացիոն կարգով պետք է Հայաստանից լինի:
«Բայց դե եթե այդպես է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չենք ուզում դա օր առաջ անել: Ենթադրում եմ, որ կառույցի, մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանի ներկայացուցիչը լինի, քանի որ Ռուսաստանն ավելի հզոր է»,- ասաց նա: