Եթե Վրաստանի իշխանությունը ընտրությունների 2-րդ փուլում 47 ընտրատարածքում չհաղթի, ապա կառավարություն չի ձևավորի. ամփոփ տվյալներ
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով 9-րդ գումարման խորհրդարանը չի ձևավորվել:
Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորից 77-ն ընտրվելու էր համամասնական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնականով, որոնցից 12-ում մեծամասնություն են կազմում էթնիկ փոքրամասնությունները:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով 77 պատգամավորական մանդատից 44-ը հասնում է «Վրացական երազանք» կուսակցությանը, «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությանը՝ 27 մանդատ, «Հայրենասերների Միություն՝ միավորված ընդդիմությանը»՝ 6։
73 մեծամասնական ընտրատեղամասից «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է 22 տեղամասում, իսկ 51 մեծամասնական ընտրատեղամասում նոյեմբերի 2-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլ:
Ախալքալաքի և Նինոծմինդայի թիվ 46 մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների 2-րդ փուլ չի լինի: Ընտրությունների 2-րդ փուլ չի անցկացվի ևս 22 ընտրատարածքում։
Ախալքալաքում մեծամասնական 8 թեկնածուից հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Հենզել Մկոյանը, որը, ըստ նախնական տվյալների, ստացել է ձայների 63.42%-ը: Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանն է, որն ստացել է ձայների 17.08 %-ը:
Այժմ Վրաստանի խորհրդարանում երեք հայ թեկնածու կա՝ գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, կրկին իշխանության թեկնածու, գործող պատգամավոր, թբիլիսահայ Ռուսլան Պողոսյանն ու գործարար, Ախալքալաքի բնակիչ Սամվել Մանուկյանը:
Սակայն այժմյան արդյունքներով խորհրդարանը չի կարող կառավարություն ձևավորել։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ կառավարություն կարող է ձևավորել միայն խորհրդարանում 113 մանդատ ունեցող քաղաքական ուժը կամ կոալիցիան, սակայն հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով քաղաքական ոչ մի ուժ 113 մանդատ չունի:
Կառավարության ձևավորման իրավունք ստանալու համար նոյեմբերի 2-ին «Վրացական երազանք» կուսակցությունը 51 ընտրատեղամասից առնվազն 47-ում պետք է հաղթանակ տանի՝ խորհրդարանում 113 մանդատն ապահովելու համար, այլապես «Վրացական երազանքը» միայնակ չի կարող Կառավարություն ձևավորել:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում տարբեր քաղաքական ուժերի կողմից, Tert.am-ի հաշվարկով, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 26 հայ թեկնածու:
Նշենք, որ եթե Մառնեուլիի 2-րդ ընտրատարածքում ընտրությունների 2-րդ փուլում հաղթի «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Ակմամեդ Իմամկուլիևը, ապա Վրաստանի նոր ձևավորվելիք խորհրդարանում կլինի ազգությամբ 4 ադրբեջանցի պատգամավոր:
Երկրորդ փուլի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 2-ին: