Երբ ՀՀ-ում «Իսկանդեր» են ցուցադրում, Բաքվին այլևս ոչինչ չի մնում, քան գիտակցել, որ աշխարհի կողմից աջակցություն չունի. Մանվել Սարգսյան
Ադրբեջանը ստիպված է ընդունել, որ Արևմուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իրենց կողմնակիցը չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե փակ դռների հետևում իրենց պարտադրվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ըստ քաղաքագետի, կապված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության հետ, ով ասել էր, թե ԼՂ հակամարտությունը սառեցված է և այն հնարավոր չէ կարգավորել:
«Տարիներ շարունակ Ադրբեջանը հայտարարում էր, որ ամբողջ աշխարհն իրենց դիրքորոշման հետ համաձայն է, որ իրենց կողմնակիցն է, բայց հիմա իրենք գիտակցում են, որ դա այդքան էլ այդպես չէ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Արևմուտքը բավական կոշտ վերաբերմունք ունի ադրբեջանական սադրանքների նկատմամբ: Իսկ հիմա, երբ Հայաստանում «Իսկանդեր» են ցուցադրում, նրանց այլևս ոչինչ չի մնում, քան գիտակցել, որ աշխարհում իրենց նկատմամբ աջակցություն չկա»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանն էլ մեծ ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության լուծման համար. «Որովհետև «Իսկանդեր»-ներ ցուցադրելը կատակ բան չէր, քաղաքական նշանակության ակցիա էր, որը Ադրբեջանում դարձավ իրավիճակին ռեալ գնահատականներ տալու առիթ»:
Բացի այդ, ըստ Սարգսյանի, կարևոր էր Ջոն Քերիի հայտարարության պատասխանը ՌԴ-ից, թե իրենք գործնական քայլեր են անում հակամարտության կարգավորման համար:
«Եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂ անախությունը, հարցը կփակվի: Բայց ինչո՞ւ պետք է ճանաչի, երբ կորցրել է այդ տարածքը, եթե ճանաչեն, նշանակում է, որ կընդունեն, որ իրենցը չէ, որ կորցրել են: Բայց եթե միջազգային հանրությունն էլ ցանկանա ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կճանաչի, ինչպես դա եղավ Կոսովոյի դեպքում»,- շեշտեց քաղաքագետը:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության աճի վերսկսումը, Մանվել Սարգսյանի խոսքով, դիվանագիտական գործողությունների վրա ազդելու Ադրբեջանի ցանկությունն է: