«Հին արքաները», «Ցանկալի փեսացուն», «Ազիզյանները» և «Change»-ը կմեկնարկեն հոկտեմբերի 31-ին «Արմենիա Պրեմիում» ալիքով
Արմենիա TV-ն ներկայացնում է նոր՝ Հայաստանում նախադեպը չունեցող մեդիանախագիծ կաբելային հեռարձակման ոլորտում: Այսուհետ հոկտեմբերի 31-ից ապագայի հեռուստատեսությունը դառնում է հասանելի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը:
«Արմենիա TV-ին և Յուքոմ ընկերությունը ձեռք են բերել նոր պայմանավորվածություն՝ առանձին հեռուստաարտադրանք ստեղծելու վերաբերյալ: Սա շատ կարևոր իրադարձություն է կաբելային հեռուստատեսության ոլորտում և նոր խոսք է հեռուստատեսային ձևաչափերի ստեղծման մեջ: Պրեմիում բառը նույնականացվում է լավագույնի հետ, և մենք ջանք չենք խնայել լավագույն մեդիա-բովանդակությունը ստեղծելու համար: Մենք խոստացանք և արեցինք ավելին: Հոկտեմբերի 31-ին հեռուստադիտողները կարող են սեղմել հեռակառավարման վահանակի 0 կոճակը և միանալ «Արմենիա Պրեմիում»-ին»,- ասաց Դավիթ Բաբախանյանը:
Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու 4 նոր, բացառիկ նախագծեր, որոնք ստեղծվել են հատուկ «Արմենիա Պրեմիում» ալիքի համար՝ «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուստաֆիլմը, «Ցանկալի փեսացու» ռեալիթի շոուն, «Ազիզյաններ» և «Change» սիթքոմերը:
«Կարող ենք ասել, որ մեր 4 հեռուստանախագծերը համապատասխանում են պրեմիում չափանիշի: Նոր որակ և նոր ձևաչափ ենք ձեզ ներկայացնելու, որոնք նախատեսված են առաջին եռամսյակի համար: Իհարկե, այս ամենով մեք չենք սահմանփակվում, կլինեն նաև նոր նախագծեր»,- հավելեց Արմենիա TV-ի տնօրենը:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ ավելացրեց. «Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց խիստ կարևոր է, որ զարգացում ապրի նաև հեռուստատեսային բովանդակությունը: Այդ պատճառով է, որ մենք ինքներս ենք նպաստում մեր հեռուստադիտողների համար նախատեսված բովանդակության ստեղծմանը և հովանավորել ենք հայ ամենահայտնի դերասանների մասնակցությամբ ստեղծված պատմական սերիալը, երկու սիթքոմերը և ռեալիթի-շոուն: «Արմենիա Պրեմիում» ալիքների ստեղծումից հետո սա ևս մեկ քայլ է դեպի որակյալ ու հետաքրքիր բովանդակություն Ucom ընկերության բաժանորդների համար: Հուսով ենք, որ այս խիստ պատասխանատու ներդրման արդյունքում ստեղծված բովանդակությունը գոհունակությամբ կընդունվի հեռուստադիտողների կողմից»:
Հարցին՝ հեռուստանախագծերը հետագայում կցուցադրվեն Արմենիա TV-ով կամ համացանցում, բանախոսները չբացառեցին:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին Արմենիա TV-ն հեղափոխեց հայկական կաբելային հեռուստատեսության ձևաչափը` եթեր հեռարձակելով միանգամից 6 նոր ալիքներ: Մեկ տարի անց կրկին շրջադարձ. Արմենիա TV-ն խաղի նոր կանոններ է թելադրում` այժմ առաջարկելով 4 նոր գերժամանակակից նախագծեր, որոնք կհայտնվեն «Պրեմիում» դիտողների հեռուստացանկում:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի