Հայաստան ժամանող ԱՄՆ փորձագետները հայաստանյան մասնագետների հետ կվերանայեն ցմահ դատապարտյալների գործերը
Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում ցմահ դատապարտյալների պայմանների բարելավման ուղղությամբ:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Աշխատանքները շարունակվում են թե՛ կեցության պայմանների, թե՛ տեսակցությունների առումով, այդ թվում նաև նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է որոշակիորեն բարձրացնել ցմահ դատապարտման տարիքը, որպեսզի, ասենք, դեռահասների շրջանում խնդիր չառաջանա»,- ասեց փոխնախարարը:
Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է արվում բավարար հիմքեր ունենալու դեպքում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման առնչությամբ: Նա տեղեկացրեց, որ մոտակա ժամանակահատվածում Միացյալ Նահանգներից Հայաստան են ժամանելու փորձագետներ հենց այս հարցով համատեղ աշխատելու համար: «Գործերի վերանայումը մեկ այլ մեծ խնդիր է, որը բավականաչափ լուրջ քննարկման կարիք ունի: Այն դեռևս հետազոտությունների փուլում է: Կարող եմ ասել, որ կան գործող մեխանիզմներ, որոնք հիմքերի առկայության դեպքում կարող են հիմք հանդիսանալ գործերի վերանայման համար: Չենք բացառում, որ միջազգային փորձից նույնպես գտնենք օրինակներ, որոնք կներկայացվեն քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը մշակող աշխատանքային խմբին: Չենք մերժում նաև հասարակական կազմակերպությունների կողմից արվող համագործակցության առաջարկները»,- նշեց Սուրեն Քրմոյանը: