Լավ կլիներ, որ Էդվարդ Նալբանդյանը հեռանար. Մանվել Սարգսյան
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը գտնում է, որ պաշտպանության նախարարի պաշտոնին ոչ զինվորական մարդու նշանակումը բխում է հենց Սահմանադրությունից: Նա նկատեց, որ կարծես բաժանել են աշխատանքը, և աշխատանքի դիվանագիտական հատվածը թողել են նախարարին, իսկ միայն բանակի հետ աշխատանքը՝ ԶՈւ գլխավոր շտաբին:
«Ես համաձայն եմ, որ նոր վիճակ է, նոր ժամանակներ են և նոր մոտեցումներ են անհրաժեշտ, և սովետական գեներալները, երևի թե, սկսում են թերանալ, ավելի սխալ են հասկանում ժամանակակից պատերազմի էությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նշանակմանը, Մանվել Սարգսյանն ասաց, որ Արտաքին գործերի նախարարությունում, ի տարբերություն ՊՆ-ի, ավանդույթները պահպանվում են: «Այնտեղ նոր բան չկա, փոփոխությունների խնդիր չկա, գուցե, որ դա կապված է Ռուսաստանի հետ: Այնքան հեշտ չեն այդ փոփոխությունները, առավելևս արտաքին գործերի նախարարն աշխատում է այլ պետությունների հետ և բնական է, որ հաշվի են նստում այդ վիճակների հետ: Շատ լավ կլիներ, որ այդ մարդը հեռանար, որովհետև ապրիլյան պատերազմից հետո շատ մեծ դժգոհություն եղավ նրա գործունեության հետ կապված և նման մարդուն պահելը մեծագույն սխալ է»,- ասաց նա: