Goodbye Tito. 1 տարի իսկական պրոֆեսիոնալի հետ
«Բանանցը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին:
Ռամալյոյի հետ երևանյան ակումբից հեռանում է մարզչական ամբողջ շտաբը. ակումբը հե՞տ է կանգնում նախագծից… առայժմ շատ վաղ է եզրակացություններ անել, սակայն փաստ է, որ ինչ-որ բան այն չէ: Անընդհատ շեշտվում էր այն հանգամանքը, որ «Բանանցը» ծավալուն նախագիծ է սկսում, սակայն առաջնությունից ընդամենը 8 տուր անց գլխավոր մարզչին փոխելը հաստատ լավագույն որոշումներից չէ:
«Բայց ի՞նչ կարող ենք անել». Ռամալյոյի վերջին խոսքն է արդեն նախկին պաշտոնում . մասնագետն այն ասաց «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո: Այո, նա հուսահատ էր, սակայն դժվար թե իմանար, որ ամեն ինչ այսպես է ավարտվելու: Ռամալյոն մշտապես իրավիճակը պահել է հսկողության տակ թե՛ հաղթելիս, թե՛ պարտվելիս: Եթե Ռամալյոյի հեռանալու պատճառն արդյունքն է, ապա պետք է ուշադրություն դարձնել Սուպերգավաթի խաղարկությունում և 8-րդ տուրում «Ալաշկերտի» հետ հանդիպումներին:
Առաջնությունում, իհարկե, խաղերի 50 %-ում պարտությունը շատ է, սակայն այնպես չէ, որ «Բանանցը» տապալել է մեկնարկը: Մեկնարկային 8 հանդիպումներից 2-ում են երևանյան թիմի ֆուտբոլիստները զգալիորեն զիջել մրցակցին՝ երկու դեպքում էլ 0:3 հաշվով պարտվելով «Ալաշկերտին»:
Հարկ է ընդգծել նաև այն, որ «Բանանցը» հաջող է մեկնարկել Գավաթի խաղարկությունում՝ հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթելով «Արարատին»: Սուպերգավաթային խաղում անզիջում պայքար էր և ոչ մի կերպ չի կարելի ասել, թե թիմերից մեկը պարտվել է: 11 մետրանոցներում դիպուկ գտնվելն այլ պատմություն է:
Հետաքրքիր է, եթե «Բանանցը» դառնար սուպերգավաթակիր, դարձյա՞լ խզվելու էր Ռամալյոյի հետ պայմանագիրը: Դժվար թե որոշումները նման անհեռատեսությամբ պայմանավորված լինեն: Տիտո Ռամալյոն նախորդ մրցաշրջանում «Բանանցի» հետ դարձավ գավաթակիր: Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բանանցը» հենց «Ալաշկերտին» էր պարտվել նվազագույն հաշվով, սակայն կարողացավ հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել և դուրս գալ եզրափակիչ:
Պարզից էլ պարզ է, երբ համակարգը փոխվում է, հունի մեջ ընկնելու համար ժամանակ է հարկավոր: Երբեք խոսք չի գնացել Ռամալյոյի հեռանալու մասին: Այժմ հարցը խորքային է, քանի որ ճանապարհից հետ կանգնելն ու իսպանացի մասնագետների հետ աշխատանքը դադարեցնելը բավականին լուրջ որոշում է:
Ինչպիսին կհիշվի Ռամալյոն
Տիտո Ռամալյոն պրոֆեսիոնալ է բոլոր առումներով:Ասուլիսների, լրագրողների հետ հանդիպումների ժամանակ իսպանացին իրեն դրսևորում էր լավագույն կողմերով: Անգամ փողոցում, երբ հանդիպում էինք Ռամալյոյին, նա շտապում էր անասելի ջերմությամբ բարևել, հարցնել անցուդարձից և այլն: Ընդհանուր առմամբ, Ռամալյոյի հետ աշխատելը, մարզական լրագրողների համար շատ հաճելի էր: «Բանանցում» Ռամալյոյի օրոք փոխվել էր մոտեցումը շատ գործոններով. ամեն ինչ նոր շունչ էր ստացել, ինչն իսպանացուց առաջ չկար: Ռամալյոն մեծ սիրով էր խոսում Հայաստանի մասին, ընդգծելով մեր երկրի առանձնահատկությունները.
«Իսպանիայում ասել եմ, որ շատ գոհ եմ Հայաստանում աշխատելուց: Ընդգծել եմ նաև, որ Հայաստանն անպայման այցելելու երկիր է, քանի որ ուրիշներին ցույց տալու շատ բաներ ունի: Իսպանիայում շատ ճանաչված չէ Հայաստանը, և կարծում եմ՝ անպայման պետք է ճանաչել»,- ասել էր մասնագետը:
Ռամալյոն հաստատ կհիշվի, քանի որ 1 տարին բավարար ժամանակահատված էր մարզչական ընդգրկուն պրոֆեսիոնալիզմը ցուցադրելու համար: Այս ընթացքն էլ բավարար եղավ Ռամալյոյին ճանաչելու և մտերմանալու համար: Goodbye Tito…
Արման Առաքելյան