Գյումրիում նույն ընտրողը երրորդ անգամ է մոտեցել քվեատուփին. «Քաղաքացի դիտորդի» արձանագրած խախտումները ժամը 19.45-ից 20-48-ի դրությամբ
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում, հայտնում է, որ Կապանի 38/13 ընտրատեղամասում ՀՀԿ համայնքի ղեկավարի վստահված անձը՝ ոմն Արամ ընտրողների ներկայությամբ բարձր խոսակցություն է վարել, որն ակնհայտ քարոզչություն է եղել։ Վստահված անձին դուրս են հրավիրել, սակայն 20 րոպե անց նա վերադարձել է։
Գյումրու 34/37 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ քաղաքացի Կառլեն Աշոտի Պապիկյանը երրորդ անգամ է մոտենում քվեարկելու, սակայն իր անունը չկա ընտրացուցակում: Ըստ կազմակերպության՝ հանձնաժողովի նախագահի կողմից ոչ մի արձագանք չի եղել, անդամները տեղյակ չեն եղել նման դեպքերում ինչ քայլեր պիտի ձեռնարկել:
«Նման դեպքեր էլի են նկատվել դիտորդի կողմից: Ընտրողի հասցեն ՝ 230-443 տուն, ք. Գյումրի 230-443 տուն:
Վանաձորում` 30/29 ընտրական տեղամասում Չիբուխչյան ազգանունով ընտրող, որն առավոտյան արդեն իսկ ընտրել էր, երեկոյան եկել էր տեղամաս տեղեկանալու իր ընտանիքից ովքեր են քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը ցույց է տվել գրանցամատյանում առկա իր ընտանիքի անդամների ստորագրությունները»,- հայտնում են «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ից:
Կազմակերպության փոխանցմամբ՝ նույն տեղամասում ընտրողի անձնագրում դրվող կնիքը խոնավ անձեռոցիկով մաքրվել է։ Դիտորդները հանձնաժողովի նախագահին հայտնել են այդ մասին։ Հանձնաժողովի նախագահը արձանագրել է դիտարկումը և նաև ասել է, որ ոչինչ չի կարող փոխել, միայն կարող է արձանագրել:
Գողթի 27/1 ընտրատեղամասում, ԹԻ-ի փոխանցմամբ, երկու եղբայր ընտրել է միմյանց փոխարեն: Դիտորդը նախազգուշացրել է դեպքի մասին՝ արձանագրելու ակնկալիքով: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում ամեն մի բան գրանցել, քանի որ սա ըստ ԿԸՀ-ի տեխնիկական խնդիր է:
«Ավելի վաղ նույն տեղամասում նույն անձը փորձել է 2-րդ անգամ քվեարկել, կանխվել է դիտորդի կողմից: Ընդ որում՝ այն անձն է, ով նախկինում առանց վկայականի ներկա էր ընտրատեղամասում: Հանձնաժողովի կողմից ոչինչ չի արձանագրվել»,- հայտնում են կազմակերպությունից։:
Նույն տեղամասում ԹԻ դիտորդը հաղորդել է, որ տեղի է ունեցել դիտորդի (ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում) աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում: «Տեղամասային ընտրական հանձնաժողովն արգելել է նշումներ անել քվեարկողների հերթական համարների, անուն ազգանունների վերաբերյալ, երբ հանձնաժողովի նախագահը զանգ է ստացել ԿԸՀ-ից։ Զանգից հետո հանձնաժողովի անդամները խոչընդոտումեն դիտորդներին հերթական համարները նշել»,- հայտնում է ԹԻ-ն։