Օլիգարխիայի կառավարությունն իր դիրքը զիջեց ոչ մի կլանի մեջ չգտնվող կառավարությանը. Ս. Սաֆարյան
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի այսօրվա անդամների նշանակումներին, մասնավորապես, որ նրանք անհայտ, կիսահայտնի, ապաքաղաքական ու ապակուսակցական դեմքեր են, նկատեց, որ հայտնի լինելը նախ այնքան էլ լավ բան չէ, և երկրորդ, որ այդ անհայտությունը և կլանի մեջ չլինելը նրանց գործելու լայն ազատություն է ընձեռում:
-Պարո՛ն Սաֆարյան, նոր կաբինետում նոր նշանակումները, ավելի ճիշտ` որոշ հների չլինելը ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ ազդակներ պետք է ստանա հասարակությունը:
-Օլիգարխիայի կառավարությունը իր դիրքերը զիջեց. կարծում եմ` օլիգարխիկ դիրքերի թուլացում է գնում, ինչը, անշուշտ, դրական ազդակ է: Իհարկե, այնպես չէ, որ օլիգարխիայի հետ կապերն իսպառ կտրված են, կամ, ավելի ճիշտ, այս արմատներ գցած, իրար հետ թելերով կապված այս համակարգի այս թևը կարծեք թե թուլանում է: Իհարկե, նոր կառավարության անդամների անկուսակցական պատկանելությունը ու կարգավիճակը նրանց բավականին թույլ է դարձնում, որովհետև նրանք կարող են վայելել Հանրապետական կուսակցության ու գործարար թևի աջակցությունն այնքանով, որքանով Սերժ Սարգսյանի աջակցությունն են վայելում: Բայց հաստատապես սա նշանակում է Հովիկ Աբրահամյանի դիրքերի էական թուլացում: Վերջինս այնպես չէ, որ թույլ կերպար էր իշխանական բուգում: Եվ, բնականաբար, մենք տեսնում ենք, որ այդ օդիոզ դեմքերը հեռանում են: Արդյո՞ք նորերը կփոխեն խաղի կանոններ. սա հարց է, որի պատասխանն այս պահին չունեմ, որովհետև ոմանց այնքան էլ չենք ճանաչում, որոշ դեպքերում, ինչպես Գագիկ Մարտիրոսյանի, այնքան էլ ոգևորված չենք, Արամյանն էլ պրոֆեսիոնալ ֆինանսիստ է, բայց կրկին ոչ մի բան չի կարող անել, եթե խնդիր դրված չլինի: Եթե այն դրված չլինի, ոչ Արամյանը, ոչ կառավարությունը այդ հարցը չեն կարող լուծել:
-Մի քիչ շատ անհայտ դեմքեր են, այսինքն` քաղաքականության մեջ տարիներ շարունակ եղած մարդիկ գյուղատնտեսության նախարարին չէին ճանաչում, ենթադրում էին, թե ով է, եղե՞լ է պատգամավոր, և այլն: Այսինքն՝ կամ լրիվ անծանոթ, կամ կիսանծանոթ, կամ՝ «լավ մոռացված հինը», ինչպես Գագիկ Մարտիրոսյանի դեպքում: Սա արդյո՞ք նշանակում է, որ հասարակությանն ուզում են այն ազդակը հաղորդել, որ գալիս են նոր, թարմ դեմքեր:
-Հայտնի լինելը դեռևս լավ նշան չէ: Այնպես որ, ես նրանց անհայտ լինելուն վատ չէի վերաբերի: Այլ բան է, որ ես նրանց պրոֆեսիոնալ որակներին ծանոթ չեն, ինչպես նաև հասարակությունը: Բայց ակնհայտ է մի բան, որ բերվում են մարդիկ, որոնք այս քաղաքական կյանքի և քաղաքական ճարտարապետության հետ քիչ կապ ունեն: Չհաշված Գագիկ Մարտիրոսյանին, որը այդ վաղուց մոռացված հինն է:
Իսկ մյուսները, բնականաբար, կարծեք թե ընտրվել են այնպես, որ որևէ կաշկանդվածություն չունենան ազատ գործելու։ Հատկապես, գոնե այս պահի դրությամբ, իրենք որևէ կերպ կապված չեն այս կամ այն խմբավորման, այս կամ այն գործարարի հետ։ Հետևաբար, այս կտրվածքով, նոր բան կա, և նաև՝ նոր կառավարությունը ցույց է տալիս, որ ինքը ակնհայտորեն կտրված է հայաստանյան ներքաղաքական կյանքից: Օրինակ՝ 2014-ին ձևավորված կառավարությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների հանրագումար էր: Այժմ կարծեք թե այլ իրավիճակ է, և այսպիսի կառավարության անդամների կազմը գալիս է ասելու, որ սա քաղաքական կյանքից ու քաղաքական պայքարից կտրված քաղաքականություն է: Իսկ թե ինչ խնդիր կդրվի նրանց առջև, ես կարծում եմ՝ կերևա շուտով:
-Ենթադրում եմ, որ կտրված է քաղաքական կյանքից, նշանակում է` կոռուպցիոն ռիսկերից զերծ կառավարություն:
-Արդեն իսկ ասացի, որ ներկա պահի դրությամբ նրանք որևէ կլանի, խմբավորման հետ ցանցավորված չեն: Հետևաբար, այդ առումով, այո, կաշկանդված չեն, մաքուր են:
-Նաև Պոլիտեխնիկի շրջանավարտներ են:
- Տեխնոկրատների կառավարություն է ինձ հիշեցնում, որի առջև դրված է տեխնիկական խնդիր:
-Իսկ դեմքերը, որ հեռացվում են քաղաքականությունից, համակարգը, այդպես հեշտորեն հեռանո՞ւմ է:
-Նրանք այնպիսի արմատներ են գցել Հայաստանում, որ նրանց դուրս մղելը հեշտ չէ, և մեկ վայրկյանի բան չէ: Նրանք դեռևս տակից գործելու են այս կառավարության դեմ, խոչընդոտելու են: Ամեն ինչ նոր է սկսվում, բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը, համենայնդեպս, կադրային նշանակումների հարցում բավականին մեծ ազատություն է ստացել: Չեմ ասում՝ բոլոր նշանակումներն իրենն են, բայց ակնհայտ է, որ տնտեսական նախարարների նշանակումների ու ազատումների հարցում: