1 մլն դոլարանոց բնակարանից բացի՝ չեմպիոնին վայել մարզադպրոց. Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգման խոստումը հերթականը չի լինի
«Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից ոչ միայն նվեր է ստացել 1 միլիոն դոլար արժողությամբ, 300 մ2 մակերեսով բնակարան Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում, այլ, միևնույն ժամանակ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից խոստում է ստացել, որ իր անվան մարզադպրոցը վերանորոգվելու է և համապատասխանեցվելու միջազգային ստանդարտներին:
Tert.am-ի հետ զրույցում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պնդեց, թե այս խոստումը հերթականներից չի լինելու, և արդեն իսկ գումարներ փոխանցվել են:
«Գագիկ Ծառուկյանը նույն մրցանակաբաշխությանը խոստացավ, որ հաջորդ տարի դպրոցը կդարձնի միջազգային ամենաբարձր կարգի դպրոց, և ֆինանսավորումն արդեն ինքն արել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մարզադպրոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, որի հիմնանորոգումը կառավարության առաջնահերթ ծրագրերում է եղել արդեն երեք տարի։ Այս տարի ևս մարզադպրոցի վերանորոգման հարցը Քաղաքաշինության նախարարության կողմից ընդգրկվել է 2017 թվականի ծրագրում։
Նշենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ տարի առաջ խոստացել էր հիմնանորոգել ՝ այն պայմանով, որ մարզադպրոցը կանվանափոխեն Արթուր Ալեքսանյանի անունով: Անվանափոխությունը կատարվել է, սակայն մարզադպրոցն այդպես էլ չի վերանորոգվել:
Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում մարզադպրոցը կհիմնանորոգվի:
«Ալեքսանյանի դպրոցը պետք է իրեն վայել դպրոց լինի: Գագիկ Ծառուկյանը հիմա գումարները հատկացրել է, և շինարարությունն էլ հաջորդ տարվանից կսկսի»,-ասաց նա:
Իսկ թե ինչքան գումար է հատկացվել, նա չի կարող ասել դեռևս: «Հաշվարկը վերջացնելուց հետո ձեզ անպայման տեղյակ կպահենք»,-ասաց նա: