Չեմ կարող Վարդևան Գրիգորյանի որդու մահը կապել կրիմինալի հետ. Գագիկ Համբարյան
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին իրենց տան նկուղում հայտնաբերվելու փաստին:
«Ամբողջ Գյումրին շվարած է, Վարդևան Գրիգորյանը չորս որդի ունի, և նրա որդիները այն եզակիներից են, որոնց ոչ ոք չի փորձել կրիմինալի հետ կապել: Մենք հույս ունենք, որ ոստիկանությունը արագ կբացահայտի, թե ինչ է տեղի ունեցել: Ես զարմացած եմ այդ դեպքի առումով, որովհետև ես ծանոթ էի հանգուցյալին, նրա ընտանիքին»,-ասաց նա:
Գագիկ Համբարյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է իրականում տեղի ունեցել և արդյոք դեպքը կապված է ընտրությունների հետ, թե ոչ, սակայն կարևոր հանգամանք է համարում, որ դեպքը տեղի է ունեցել տան նկուղում, և կարծում է, որ եթե դա տեղի ունենար դրսում և կրակոցներ հնչեին, գուցե կարծեր, որ կապված է ընտրությունների հետ:
Նա նշեց, որ կրիմինալ երևույթներ միշտ էլ կան Հայաստանում, պարզապես այդ երևույթներն ավելի ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ քարոզարշավի ընթացքում:
«Բայց ես չեմ կարող Գյումրիում տեղի ունեցածը կապել կրիմինալի հետ:
Այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում հանցագործություն էր, իսկ Գյումրիում տեղի ունեցածը ողբերգություն է, չեմ կարող համեմատականներ տանել, քանի որ Գյումրիում տեղի ունեցած դեպքի առումով ոչինչ դեռ պարզ չէ»,-ասաց նա: