Ես չէ, որ պետք է պատասխանեմ հարցին, թե ինչու են ինձ նշանակել. նորանշանակ նախարար
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետում Կապի և Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին փոխարինած Վահան Մարտիրոսյանը Tert.am –ի հետ զրույցում չցանկացավ խոսել իր նշանակման պատճառների, շարժառիթների մասին, սակայն ընդամենը 1 հարցի համաձայնեց պատասխանել: Մասնավորապես՝ համաձա՞յն է գնահատականի հետ, որ այս կաբինետն արդեն իսկ որակվել է որպես տեխնոկրատների կաբինետ:
«Ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ, ինչպես նաև հարցին, թե ինչով էր պայմանավորված նշանակումը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով ` Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար, Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Վահան Մարտիրոսյանը դեռ աշխատանքի չի անցել և վարչապետը նրան նախարարության աշխատակազմին կներկայացնի սեպտեմբերի 22-ին: