Անդյան երկրների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և ժխտումը դատապարտող բանաձև է ընդունել
Անդյան խորհրդարանը, որը Անդյան երկրների (Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի և Չիլիի) ներկայացուցիչներից կազմված օրենսդիր մարմին է, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դրա ժխտումը դատապարտող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է Prensa Armenia գործակալությունը բանաձևն ընդունվել է սեպտեմբերի 17-ին:
Բանաձևը ճանաչում է «Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը» և դատապարտում է «ժխտողականության ցանկացած քաղաքականություն` ուղղված Հայոց ցեղասպանությանն ու հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություններին»:
Բանաձևը, որն առաջադրել է Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուսը, միաձայն ընդունվել է Մոնտեվիդոյում կայացած նիստի ժամանակ: Ընդունված բանաձևը նաև համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին և հայոց Սփյուռքի համայնքներին: