Պատմության 25-ամյա էջերը. «Մենք» ամսագիրը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հատուկ թողարկում ներկայացրեց
Անկախության 25-ամյակին նվիրված «Մենք» ամսագիրը ներկայացրեց հատուկ թողարկում՝ պատմության 25 ամյա էջերի վերաբերյալ: 176 էջանոց հատուկ թողարկումը պատմում է պետության ձեռքբերումների, բացթողումների մասին:
«Անկախ պետականության վերականգնման քառորդ դարը ևս մեկ առիթ է արժևորելու անցած ժամանակաշրջանի պատմությունը՝ անհրաժեշտ դասեր քաղելու և պետականության ամրապնդման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու համար: Ուստի առաջնային խնդիր է երիտասարդության շրջանում պետականության գաղափարի ամրապնդումը, որ այս ամենը փոխանցվի հաջորդ սերունդներին»,- ամսագրի հատուկ թողարկումն այսպես են հիմնավորում «Մենք»-ի խմբագիրները:
Ինչպես ասաց խմբագրական կազմի անդամ Համո Սուքիասյանը, ամսագիրը պատրաստվել է 7-8 ամիսների աշխատանքի արդյունքում, որտեղ պարունակում են հանրագիտարանային տվյալներ, լուսանկարներ:
Համո Սուքիասյանը նշեց, որ ինքը՝ որպես պատմաբան, կարևորում է ամսագիրը, բայց խոստովանեց, որ զետեղված տեղեկությունները, լուսանկարները ընտրված են իրենց կողմից ու կարող են որոշ առումով գուցե սուբյեկտիվ, լինել:
Ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ով նախ շնորհավորեց ներկաներին անկախության տոնի առիթով, ապա նշեց. «Ամսագիրը կարևոր նշանակություն ունի, մեր պատմությունը թույլ է տալիս, որ մենք հպարտ գտնվենք մեր կենսագրությամբ: Ես շատ ուրախ եմ, որ ամսագրում զետեղված են, ոչ միայն ՀՀ ձեռքբերումները, նվաճումները, այլև՝ ցավալի փաստերը, որոնք տխրեցրել են մեզ ազգովի: Սա ժամանակներ փաստող նյութ է: Վստահ եմ, որ այս ամսագիրը մնալու է ձեր գրադարաններում ի տարբերություն մի շարք ամսագրերի»: