iPhone 7-ի ներկայացումից օրեր անց արդեն տվյալներ են հաղորդվում, թե ինչպիսին է լինելու iPhone 8-ը. Business Insider
Apple-ը մեկ շաբաթ առաջ է ներկայացրել իր նորագույն iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները, որոնքն, ըստ օգտատերերի և փորձագետների, շատ քիչ են տարբերվում 6-րդ սերնդի iPhone-ից:
Ինչևիցե, նրանց համար, ովքեր այնքան էլ տպավորված չեն iPhone 7-ի նորագույն գործառույթներով, Business Insider-ը հավաքագրել և ներկայացրել է 2017-ին թողարկվելիք սմարթֆոնի մասին ներկա պահին հայտնի տեղեկությունները: Հաջորդ տարի ամերիկյան տեխնոլոգիական հսկան տոնելու է iPhone-ի 10-ամյա հոբելյանը, ինչի առթիվ ակնկալվում է արմատական դիզայներական փոփոխությունների ենթարկված նորագույն սմարթֆոնի թողարկում։
Ահա թե ինչ է հայտնի հաջորդ iPhone-ի մասին:
Չի լինելու S մոդել: MacRumors-ի տվյալներով` Apple-ը կշրջանցի S մոդելն այս տարի, որը պատմականորեն հետևել է յուրաքանչյուր նոր սմարթֆոնին, և հավանաբար 2017-ին iPhone 7-ից կանցնի iPhone 8-ի:
Սմարթֆոնի դիմացի մակերեսն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց սահմանների և ստեղների:
Այն մեծամասամբ պատրաստված կլինի ապակուց: Apple-ի արտադրանքների վերլուծաբան Մին Չի Կուոն, ով հաճախ ճիշտ կանխատեսումներ է անում, ենթադրում է, որ iPhone 8-ն ամբողջությամբ պատրաստված կլինի ապակուց:
Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող սենսոր կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ:
Korea Herald կայքի տվյալներով` 2017 թվականի iPhone-ը կներկայանա AMOLED էկրանով, որն ավելի լավ տեսք կունենա, քան ներկայիս LCD էկրանով սմարթֆոնները:
MacRumors-ի տեղեկություններով` iPhone 8-ն անլար լիցքավորման հնարավորություն կունենա: