Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա`տեղի է ունենում փոփոխություն. Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ Խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց, որ ամբողջությամբ կիսում է Նախագահի այն հայտարարությունը, որ մենք դանդաղելու իրավունք չունենք:
«Ամեն ինչ պետք է արագ արվի, առավելևս, որ գալիք ընտրությունների նախաշեմին ենք, և եթե իշխող ուժը ուզում է որոշակի արդյունք արձանագրել, անհրաժեշտ են տեսանելի փոփոխություններ հասարակության համար, ամեն մի քաղաքացի պետք է զգա, որ տեղի է ունենում փոփոխություն»,- ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ պետք է սպասել, թե վարչապետի փոփոխությունից հետո ինչ կադրային փոփոխություններ են լինելու: «Պետք է ընդունել, որ շատ ուղղություններով հատկապես՝ առանձին պետական ինստիտուտների, նախարարությունների ուղղություններով բացարձակ ոչինչ չի արվել, որը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ ամեն մի քաղաքացու վրա»,- ասաց նա:
Նա նշեց, որ չնայած պետք չէ մեղավորներ փնտրել, սակայն մինչ հիմա ինչ արվել է, արվել է նույն համակարգի ներսում. տեղափոխություններ, փոխարինումներ: «Միշտ թվացել է միայն այդ մարդիկ է, որ գոյություն ունեն, նրանք անփոխարինելի են, հիմա այս համակարգ պետք է ներմուծվեն ոչ այդ համակարգից ուժեր»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը հենց այդ համակարգից է, ասաց, որ վարչապետը պետք է լինի համակարգից, բայց մյուս կադրերի առումով կարծում է, թե պետք է թարմություն մտնի: «Պետք է լինեն մարդիկ, որոնք ոչ կապ ունեն օլիգարխների հետ, ոչ նախկին չինովնիկների հետ և որոնք անվախ են»,- հավելեց նա։