ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով քրգործը համաներման հիմքով կարճվել է
ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը համաներման հիմքով կարճվել է. այս մասին Tert.am-ին ասաց Խանումյանը:
«Այսինքն՝ համաներումով ազատ կարձակվեն մեղադրյալները»,-ասաց նա և նշեց, որ տեղի բոլոր դատական ատյանները սպառելով՝ կբողոքարկեն այս որոշումը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Նշենք, որ Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ համաներում էր հայտարարվել, որից հետո Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործը վերաորակվել էր՝ առևանգումից դառնալով խուլիգանություն: Խանումյանը հայտարարել էր, որ սա արվել էր, որպեսզի համաներումը տարածվի մեղադրյալների վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում ծեծի էր ենթարկել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: Ավելին՝ հայտնի դարձավ, որ Հայկ Խանումյանին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որը իրեն անձամբ տվել է Սամվել Բաբայանը:
Գործով երեք մեղադրյալները կալանավորված են:
Ի դեպ, այսօր Հայկ Խանումյանի քրգործի մասին հայտարարությամբ հանդես էր եկել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշել էր, որ Դատախազությունը պետք է պարզաբանի մեղադրյալների արարքների վերաորակման հիմնավորումը: