«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի վիճակը բավարար է, Աշոտ Պետրոսյանի վիրահատությունն էլ կտևի 2-2,5 ժամ. «Էրեբունի» ԲԿ տնօրեն
«Վիրահատությունն ավարտվել է, հիվանդի վիճակը բավարար է գնահատվում, կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում»,- ասաց Միքայել Մանուկյանը:
«Էրեբունի» ԲԿ-ում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը, հիվանդի վիճակը բավարար է: Այս մասին վիրահատության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Վիրահատությունն ավարտվել է, հիվանդի վիճակը բավարար է գնահատվում, կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում, հիվանդի վիճակը բավարար է»,- ասաց Մանուկյանը:
Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Արամ Մանուկյանը վաղ վիրահատական շրջանում դեռ մի քանի օր կմնա «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի բժիշկները հետևեն և նվազեցնեն բարդությունները, որը կարող է առաջանալ ցանկացած վիրահատությունից հետո:
Հարցին, թե հաշմանդամության առաջացման վտանգ կա, թե ոչ, Մանուկյանն ասաց, որ նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում. «Արամ Մանուկյանի մոտ մենք դա չենք սպասում, որովհետև վիրահատությունն անցել է պլանավորածին համաձայն»:
Բացի այդ, « Էրեբունի» ԲԿ տնօրենը հայտնեց, որ նախապատրաստում են վիրահատել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին. «Նրա վիրահատությունը կտևի 2-2,5 ժամ: Այս բոլոր վիրահատությունները վերջնական փուլի վիրահատություններ են: Ինչպես գիտեք, առաջին փուլն արվում է դրսային ֆիքսացիա և հետո՝ վերջնական ֆիքսացիա»:
Հարցին, թե հնարավոր է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» կրկին հերթապահեն «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները, հաշվի առնելով հետվիրահատական շրջանը, Մանուկյանն ասաց, որ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները պարբերաբար այցեր էին կատարում հիվանդանոցներ, հեռախոսակապ ունեն այդ հիվանդանոցների բժիշկների հետ, բոլոր նշանակումները համաձայնեցվում են. «Նրանք այն հիվանդներն են, որոնք վիրահատվել են «էրեբունիում» և մենք պետք է մեր գործողությունները կատարենք մինչև վերջ և հանգիստ լինենք նրանց առողջության համար»:
Միքայել Մանուկյանը հայտնեց, որ բուժման հետագա ընթացքի մասին կհայտնեն լրացուցիչ: