ԲՀԿ քաղխորհրդի նախկին անդամը Արթիկում ՀՀԿ աջակցությամբ կպայքարի ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի դեմ
ԲՀԿ քաղխորհրդի նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն ուզում է վայր դնել պատգամավորի մանդատն ու դառնալ Արթիկի քաղաքապետ: Երեկ նա առաջադրվել է Արթիկի քաղաքապետի թեկնածու: Այս հարցում նախկին ԲՀԿ-ականին աջակցում է Հանրապետական կուսակցությունը, որն էլ առաջադրել է Պետոյանի թեկնածությունը: Ուշագրավն այն է, որ, ըստ Պետոյանի, իր դեմ Արթիկում առաջադրվելու է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ քաղխորհրդի անդամ Մխիթար Վարագյանը:
-Պարոն Պետոյան, ի՞նչն է պատճառը, որ գերադասում եք քաղաքապետի աշխատանքը պատգամավորի մանդատից, նշանակո՞ւմ է, որ զգացիք օրենսդիր աշխատանքով զբաղվելը Ձեր գործը չէ, դրա համար ուզում եք քաղաքապետ դառնալ Արթիկում:
-Ես երիտասարդ մարդ եմ, կուզենամ ավելի շատ կենդանի աշխատանքով զբաղվել: Մեր քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, ես գիտեմ, որ կարող եմ պիտանի լինել և էդ հարցերի լուծումները տալ: Ուզում եմ պիտանի լինել մեր քաղաքին: ԱԺ-ում ժամանակին ինչ- որ կարողացել եմ մեր տարածաշրջանի հետ կապված՝ խնդիրներ, հարցեր կարգավորել կամ խնդիրներին լուծում տալ, էդ արել ենք, բայց քաղաքապետի պաշտոնում ավելի շատ գործեր կարելի է կատարել, ԱԺ-ում իհարկե չես կարող այդ հարցերը կարգավորել:
- Փաստ է նաև, որ Դուք ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեք եկել, հայտարարություն չեք արել:
- Հա օրենսդրական նախաձեռնություն չեմ ներկայացրել: Հայտարարություններով հանդես եկել եմ, հարցուպատասխանով էլ եմ հարցեր բարձրաձայնել: Կամ դա ի՞նչ նշանակություն ունի: Կառավարության անդամների հետ ես պարտադիր պետք է ելույթների միջոցո՞վ աշխատեի: Արթիկն էնքան փոքր քաղաք է, և բոլորն էլ գիտեն, որ ես շոուով չեմ զբաղել:
-Փաստորեն Ձեր թեկնածությանը սատարում է Հանրապետականը, ոչ թե ԲՀԿ-ն, որի անդամ էիք Դուք:
-Բայց Դուք ի՞նչ գիտեք ԲՀԿ-ն պիտի ինձ չպաշտպանի, դեռ չգիտենք, քննարկվում են էդ խնդիրները:
-Իշխանության հետ համաձայնության շրջանակո՞ւմ է, որ Դուք այսօր մրցակից չունեք առաջադրված:
- Ով է ասում՝ մրցակից չունեմ: ՀՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանն էլ է առաջադրվել: (Մխիթար Վարագյանի տվյալները դեռ չկան ԿԸՀ կայքում-Մ.Խ.):
-Ի՞նչն է պատճառը, որ Հանրապետականը ՀՀԿ-ական Վարագյանին չընտրեց, այլ Ձեզ:
-Դա ՀՀԿ-ից պետք է հարցնեք:
-Իսկ Ձեզ ՀՀԿ-ից ո՞վ է առաջարկել առաջադրվել քաղաքապետի պաշտոնում:
-Ինձ ոչ մեկ չի առաջարկել: Ես եմ առաջարկել մեր թիմով: Ես գնացել եմ ՀՀԿ-ի մարզային խորհուրդ, քննարկել ենք մեր թիմով խորհրդի անդամների հետ ու էս կարգի որոշման ենք հանգել:
- Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում Մխիթար Վարագյանի հետ պայքարում:
- Անցած ընտրություններում տեսել եք թվերի տարբերությունը, ես հաղթել եմ 5 հազար ավելի ձայնով, բայց երբեք չի կարելի անտեսել հակառակորդին ընտրությունների պրոցեսում:
- Քանի որ Ձեզ ՀՀԿ-ն է սատարում, նշանակում է Արթիկի կյանքում էական ոչինչ չի փոխվի Ձեր ընտրությամբ, հատկապես, որ ներկա քաղաքապետը ևս ՀՀԿ-ական է:
- Կուսակցություննե՞րն են որոշում՝ մարդիկ ոնց կարող են աշխատել: Քաղաքապետարանն ունի իր բյուջեն, կատարելու է իր բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծախսերը: Ի՞նչ կապ ունի կուսակցությունը անձի հետ:
- Դուք փոխո՞ւմ եք Ձեր քաղաքական դաշտը, ՀՀԿ եք գնում:
- Չեմ փոխում, ես անկուսակցական եմ: Աշխատելու եմ ի նպաստ մեր ժողովրդի:
- Արթիկի ներկա ՀՀԿ-ական քաղաքապետն ուզում էր ինքն առաջադրվել և շարունակել աշխատանքը: Փաստորեն Դուք կամ ՀՀԿ-ն թույլ չտվեցիք նրան առաջադրվել:
- Ես ո՞վ եմ, որ թույլ չտամ: Մենք թիմակիցներ ենք, մեկս մյուսին օգնում ենք, միասին ենք որոշումները կայացնում, իսկ ինքը կուսակցական է և կուսակցության որոշումները հարգող մարդ: