Ադրբեջանի համար ռազմական առաջին գործընկերը եղել ու մնում է Ռուսաստանը. թուրք վերլուծաբան
Ռուս-թուրքական ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասի ու, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Անկարայի քաղաքական կենտրոնի գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փունսմանը:
«Թուրքիան չունի անմիջական ազդեցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դինամիկայի ու ռազմական գործողությունների վերսկսման վրա: Հայաստանում, սակայն, այդկերպ չեն մտածում Ռուսաստանի կողմից վարվող հակաթուրքական քարոզչության պատճառով»,- ասաց վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է ՌԴ արտաքին գործերի նախարարի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Թուրքիան կարող է մասնակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին, հետաքրքրվեցինք՝ արդյոք պաշտոնական Անկարան շարունակո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ընդգրկվելու ուղղությամբ քայլեր նախաձեռնել: Գյուլթեքին Փունսմանը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Ամեն դեպքում շեշտեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:
«Ես ողջունում եմ Ռուսաստանի ջանքերը՝ այս թնջուկը լուծելու ուղղությամբ: Արժեքավոր է, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծելու ծրագիր կա: Սակայն Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության հնարավորություն ես չեմ տեսնում, մինչև Անկարայի հարաբերությունները Երևանի հետ չկարգավորվեն: Միակ տարբերակն այն է, որ Մոսկվան բացահայտ կերպով Թուրքիային խնդրի ներգրավվել այս գործընթացում»,- նշեց Փունսմանը:
Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական ռազմական բազայի հզորացմանը, կարծիքներին, թե դա կապված է ԼՂ հակամարտության հետ, թուրք վերլուծաբանն ասաց, որ Թուրքիան ժամանակին մտադրություն ուներ Քաթարում ու հավանաբար նաև Սոմալիում բազա ստեղծել, որպեսզի պայքարի ահաբեկչության դեմ, բայց նախաձեռնությունը դեռ նախնական փուլում է:
«Ադրբեջանի համար ռազմական առաջին գործընկերը եղել ու մնում է Ռուսաստանը, թեև, դուք գիտեք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ու ռազմական անվտանգության շուրջ սերտ հարաբերություններ ունեն»,- եզրափակեց նա: