Կարևոր է, որ ուժայինների հետ բախումների արդյունքում տուժած քաղաքացիներն իրենք դիմեն դատարան. Լ. Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունն առաջիկայում հարցումներ է անելու Սարի թաղի բնակչության շրջանում՝ պարզելու ոստիկանության հետ հուլիսի 29-ի բախման թե՛ նյութական, թե՛ բարոյական վնասի իրական չափը և փորձելու մարդկանց խրախուսել, որ բողոքներ ներկայացնեն փոխհատուցման պահանջով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Շատ կարևոր է, որ քաղաքացիներն իրենք պահանջատեր լինեն, և իրենք դիմեն թե՛ նյութական, թե՛ բարոյական վնասի փոխհատուցման համար: Քանի որ նախկին փորձը ցույց է տալիս, որ ուժայինների հետ բախումների արդյունքում անգամ վիրավորում ստացած քաղաքացիները չեն բողոքում որևէ տեղ, չեն դիմում դատարան ու վնասի իրական պատկերը անհայտ է մնում, իսկ մեղավորները՝ անպատիժ»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Ըստ նրա՝ մարդիկ այնքան էլ չեն վստահում դատարաններին:
«Բայց միևնույն է՝ դա պետք է արվի, որ մարդկանց պատշաճ փոխհատուցում տրվի պետության կողմից ու վնասի իրական չափը ի հայտ գա: Հակառակ պարագայում մենք ամեն անգամ նույն պատկերը կունենանք, երբ խաղաղ քաղաքացիներն անգամ իրենց տանը նստած վնասվածքներ են ստանում, սակայն ոչ ոք պատշաճ պատասխան չի տալիս, ու նրանք էլ պատշաճ փոխհատուցում չեն ստանում»,-նշեց Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ մի շարք քաղաքացիների, փաստաբանների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների քննարկմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ զինված անձանց կողմից Երևանի Մ. Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ վարչական շինությունները զավթելուց հետո, 2016թ. հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքը ենթադրաբար ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց լիազորությունների շրջանակից, Մ. Խորենացի փողոցում, հարակից տարածքներում, Սարի թաղում և այլ վայրերում հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառել տարբեր անձանց, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետո նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Այս դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332.3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էին քրեական գործեր։