Հս. Կորեան սպառնացել է չնչին սադրանքի դեպքում միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերթական մեղադրանքներն են հնչեցրել ԱՄՆ-ի դեմ՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով իրենց երկիր ներխուժելու փորձի համար, ինչպես նաև սպառնալով չնչին սադրանքի դեպքում միջուկային հարված հասցնել:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով, Փհենեյանին զայրացրել է այն փաստը, որ ԱՄՆ-ն Կորեական թերակղզում ցանկանում է տեղադրել իր հակահրթիռային համակարգերը:
«ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեա ներխուժելու փորձը գնալով ավելի անհեթեթ է դառնում: Նախազգուշացնող միջուկային հարվածի իրավունքը լոկ Միացյալ Նահանգների մենաշնորհը չէ»,-նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում:
Իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ երկրի զինված ուժերը ներկայում անցում են կատարել նախազգուշական հարվածի ռեժիմին, որպեսզի կարողանան դիմակայել ԱՄՆ-ին:
«Օպերատիվ բոլոր խմբերը բերվել են լիակատար պատրաստվածության հակառակորդի կողմից անգամ չնչին սադրանքի դեպքում նրա ուղղությամբ անողոք ու ավերիչ հարված հասցնելու համար»,-հավելել են իշխանությունները: