Մոսկվան ուզում է, որ Բաքուն և Երևանը հասնեն ԼՂ հարցում երկու կողմերի համար ընդունելի լուծման. Պուտին
Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային և երկու կողմերի համար ընդունելի լուծում, հաղորդում է РИА Новости-ն։
«Դուք հիշատակեցիք Ղարաբաղը։ Սա իրոք խնդիր է, որը խորհրդային անցյալից է հասել մեզ։ Գիտեմ, թե սա ինչքան սուր հարց է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։ Մենք մի բանի ենք ձգտելու. ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն հակամարտության փոխզիջումային և երկու կողմերի համար ընդունելի լուծում»,- ասել է Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Պետք է, որ այստեղ հաղթողներ չլինեն, այլ հաղթեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետությունները զգան, որ այս բարդ խնդիրն իրենք լուծել են ներկա պահի և ապագա սերունդների օգտին»,- ավելացրել է նա։
Ինչպես նշում է РИА Новости-ն՝ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անձնական մասնակցություն ցուցաբերելու համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, «որոնք արդեն վաղուց հասել են ստրատեգիական գործընկերության մակարդակի»։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, տնտեսական կապերն ամրանում են»,- ավելացրել է Ալիևը։