Հնարավոր չէ, որ նման քայլեր չձեռնարկվեին. Լարիսա Ալավերդյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության մասին
Հնարավոր չէ, որ նման քայլեր չձեռնարկվեին․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պաշտոնանկության մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ ոստիկանապետին պաշտոնից ազատելը մեղմ միջոց է:
«Այդպիսի գործողությունների կամ անգործության կամ լիազորությունների չարաշահման առիթով պետք է գործեր հարուցվեին: Չպետք է վարչական, աշխատանքից ազատումով ավարտվեին գործերը․ դրանք հստակ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ էին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա նկատեց՝ վերջին շրջանում ոստիկանության ղեկավարության կողմից կիրառվող պաշտոնանկությունները, նկատողությունները քայլեր են, բայց դրանք օրենքի ամբողջական կիրառում չեն, և եթե փոփոխությունները շարունակվեն նույն ձևով, ապա ապագայում նույն վիճակն ենք ունելու։
«Ի՞նչ է նշանակում աշխատանքից ազատել: Դա ամենաթեթև պատժի ձևն է: Պետք է հարուցվի գործ, պետք է հասկացվի՝ ի՞նչ պատիժ պետք է կրեն՝ միայն աշխատանքից ազատե՞լ: Եթե այդպես է, ապա քանի՞ տարի։ Կամ գուցե պետք է աշխատի, բայց այլ գործ անի... Համակարգային փոփոխությունը կլինի այն դեպքում, երբ տեսնենք, որ օրենքն է գործում»,-ասաց նա: