Կլոպը Սախոյին թիմի ճամբարից հեռացնելու պատճառների մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է թիմի պաշտպան Մամադու Սախոն լքել ԱՄՆ-ում հավաք անցկացնող թիմի ճամբարը:
«Ես պետք է թիմ կառուցեմ, մենք ամեն ինչ զրոյից ենք սկսում: Մտածեցի, որ Սախոյին ավելի լավ կլինի տուն վերադառնալ, իսկ 8-10 օր անց, երբ մենք Լիվերպուլում կլինենք, նորից կզրուցենք:
Ոչ մի առանձնակի լուրջ բան տեղի չի ունեցել: Նա քիչ էր մնում ուշանար ինքնաթիռից, չներկայացավ մարզմանը և ուշ միացավ ընթրիքին: Մենք որոշակի օրենքներ ունենք, որոնց պետք է հետևենք: Եթե որևէ մեկը դրանց չի հետևում, ես պետք է արձագանքեմ:
Մենք չենք վիճել: Ինչպես կարելի է վիճել, եթե միայն ես էի խոսում: Մարզումը բաց թողնելը դա լուրջ է: Նույնիսկ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները պետք է ներկա լինեն մարզումներին»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: