Թուրքիան կոչ է արել Գերմանիային արտահանձնել Գյուլենի կազմակերպության հետ կապված դատախազներին
Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել Գերմանիային արտահանձնել քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապված մի շարք դատախազների, ովքեր իբր փախել են այնտեղ հեղաշրջման անհաջող փորձից հետո, գրում է РИА Новости-ն:
«Զուգահեռ պետության մի քանի դատավոր և դատախազ Գերմանիայում է, անհրաժեշտ է նրանց արտահանձնել»,- CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախարարը: «Զուգահեռ պետություն» Թուրքիայի իշխանություններն անվանում են Գյուլենի կազմակերպությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ, կալանավորվել է ավելի քան 15 հազար մարդ:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածության համար մեղադրել են Գյուլենին և պահանջել են ԱՄՆ-ին արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը, այդ ժամանակ դատապարտել է ապստամբությունը և հայտարարել է, որ ինքը ներգրավված չէ դրան: