Գիտնականները ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնող առաջին դեղամիջոցը
Միջազգային գիտնականների թիմը հայտարարել է հեղափոխական դեղամիջոցի ստեղծման մասին, որը զգալի դադաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
Ինչպես նշում է The Telegraph-ը, դեղամիջոցը ստացել է LMTX անվանումը: Այն փորձարկվել է հիվանդների վրա ու դրական արդյունք տվել: Ըստ մասնագետների, դեղամիջոցը 80 տոկոսով դանդաղեցնում է հիվանդության առաջխաղացումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է:
Դեղամիջոցը, որի ստեղծման վրա գիտնականները ծախսել են 30 տարի, 891 հիվանդի կողմից ընդունվել է 18 ամիս` օրական 2 անգամ: Բժիշկներն արձանագրել են, որ դեղահաբն ընդունելու ընթացքում հիվանդների հիշողությունը չի վատացել, իսկ նրանց ընդհանուր առողջական վիճակում բացսական միտում չի գրանցվել:
«Սա առաջին դեպքն է, երբ նորաստեղծ դեղամիջոցն օգնում է կրճատել հիվանդության տարածման ծավալները: Մասնագիտությանս բերումով ես անընդհատ շփվում եմ Ալցհեյմերով հիվանդների ու նրանց բարեկամների հետ, ովքեր արդեն հույսները կորցրել են արդյունավետ դեղամիջոց գտնելու հարցում: Սակայն LMTX-ի ցուցադրած արդյունքերը շատ խոստումնալից են բոլոր հիվանդների համար»,- նշել է կանադացի բժիշկ Սերժ Գոթյերը:
Նշենք, որ Ալցհեյմերի հիվանդություն (Alzheimer's disease), կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է, որը մեծ մասամբ հանդես է գալիս 65 անց մարդկանց մոտ։ Այն նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող, արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի և վարքի փոփոխության։
2006 թ. տվյալներով ամբողջ աշխարհում Ալցհեյմերով հիվանդների թիվը 26,6 միլիոն է, իսկ մինչև 2050 թ. հիվանդների թիվը կարող է աճել մոտ չորս անգամ։