Առանց պատանդների շատ ավելի հեշտ է. Պավլիկ Մանուկյան
8 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի զինյալների` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո: Tert.am-ը զրուցել է խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հետ:
-Պարոն Մանուկյան, առանց պատանդների ինչպե՞ս անցկացրիք օրը:
-Առանց իրենց շատ ավելի հեշտ է, թե չէ իրենց պետք է պադվալ իջեցնենք:
-Ճի՞շտ է, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը: Դուք նաև ասել էիք, որ Վիտալին իրեն լավ չպահե՞ց:
-Չի կարելի ասել՝ լավ չպահեց։ Հարմար չենք տեսել, չի բավարարել:
-Չե՞ք կարծում, որ բոլորի հետ ձեր կամուրջներն այրում եք: Ամեն դեպքում, մարդիկ են, եկել են, փորձել են, բոլորին ինչ-որ որակավորումներ եք տալիս:
-Որակավորում չենք տվել, նա ճիշտ չի փոխանցել Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, Ալեք Ենիգոմշյանը բառացի ասաց, չէ՞:
-Այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ պահանջո՞ւմ է Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
-Չգիտեմ՝ ինչ է պահանջում, բայց ամեն դեպքում այն չէ, ինչ պարոն Բալասանյաննն է ասում: Եվ դրան գումարած՝ երեկ նրա վերաբերմունքը լրագրողների հետ՝ վերաբերմո՞ւնք էր: Մյուսը՝ իրենց առաքելության բանն այն էր, որ մենք վստահել՝ պատանդների փոխանակումն արել էինք, իսկ այսօր բժիշկներն էլ, հոսանքներն էլ կտրեցին։ Գումարած, որ արգելեցին ելքումուտքը լրագրողների, հիմա էլ բարիկադներ են պատրաստում, չնայած, մեր հեչ պետքն էլ չի: Նպատակահարմար չենք տեսնում...
-Իսկ սնունդ ունեցե՞լ եք:
-Չէ, ինչ սնունդ:
-Ոստիկանությունից հերքեցին գրոհի փորձը, պնդո՞ւմ եք, որ եղել է:
- Չասացի, որ փորձ է եղել, պատրաստվում են, բարիկադներ են կառուցում, տեխնիկաների տեղաշարժ։ Ինչ ուզում են, թող անեն, մենք ամեն ինչի ելքն ու մուտքը գիտենք, էնպես որ, եթե փորձեն... հաստատ, շատ դաժան է լինելու պատասխանը:
-Հարձակման այսօր եք սպասում, այսինքն:
-Մենք հա էլ սպասում ենք: Մենք հա էլ պատրաստ ենք, մենք թույլ չենք տալու, որ ժողովրդին, որ 25 տարի խաբել են, էս անգամ էլ խաբեն:
-Չե՞ք ափսոսում, որ պատանդներին բաց եք թողել:
-Մենք ոչ մի բանի համար չենք ափսոսում։ Դուք չեք պատկերացնում, որ գործ ունեք բնածին ասպետների հետ: Իսկ ասպետները կենդանի վահանների հետև չեն թաքնվում: Ժողովրդին հասկացրեք, որ այս տղաները այլ բանի համար են արել, ոչ թե պատանդ պահելու:
-Իսկ հիմա էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվա՞ծ է, արդեն երեկո է:
-Չէ, ինչ լույս, ինչ բան, բայց մենք պատրաստ ենք դրան էլ: Հեռախոսներն էլ են անջատել, մենակ էս մեկն է մնացել (որով Tert.am-ը զրուցում էր), էն էլ ինչ-որ միջնորդական կապի համար: Նաև ասեմ, որ էն աստիճան բութ են, որ Քննչական կոմիտեից գնացել են կնոջս ասել են՝ հորդորեք, որ զենքը վայր դնի։ Կինս էլ գիտե՞ք ինչ է ասել, ասել է՝ ես կին եմ, ի՞նչ իրավունք ունեմ ամուսնուս ասել՝ ինչ անի: Դրա համար էլ ես ամենաշատն իմ կնոջն եմ սիրում։