«Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ ցուցադրությունը կայանալու է հուլիսի 25-ին` Գյումրիում
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ հուլիսի 25-ին Գյումրի քաղաքում կայանալու է «Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ ցուցադրությունը:
«Ուզում եմ դիմել ինձ հետևող բոլոր հայ ընկերներիս ու հայկական ԶԼՄ-ներին: Մեր ֆիլմը նկարահանված է 2 լեզվով: Ֆիլմի հայալեզու տարբերակի փակ ցուցադրությունը կայանալու է հուլիսի 25-ին` Գյումրիում: Մեզ համար շատ կարևոր է ֆիլմի նկարահանումները հյուրընկալած այդ հիասքանչ ու հզոր քաղաքի բնակիչների օրհնությունը ստանալը»,-գրել է հայազգի ռեժիսորը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, համացանցում հրապարակվել է Սարիկ Անդրեասյանի` 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
Երկու րոպե 26 վայրկյան տևողությամբ տեսանյութն ամփոփում է ֆիլմի ամենատպավորիչ ու առանցքային դրվագները` նախքան պրեմիերան ներկայացնելով կինոնկարի ընդհանուր ուրվագիծը:
Հայտնի է նաև, որ հունիսի վերջին Մոսկվայում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը: