Mercedes-ն զբաղվում է Tesla Model S-ի մրցակից էլեկտրամեքենայի մշակմամբ
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողն իր առաջին էլեկտրական մեքենան է մշակում, որն ստանալու է EV անվանումը:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` գերմանական արտադրողը մտադիր է նորագույն մոդելի սերիական տարբերակը ներկայացնել Փարիզի ավտոսրահում` սեպտեմբերի վերջին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ընկերության ավստրալիական բաժանմունքի ներկայացուցիչ Դևիդ Մաքքարթնին:
Վերջինիս խոսքով` գերմանական արտադրողի նորույթը կկարողանա մրցակցել Tesla Model S էլեկտրական մեքենայի հետ, քանի որ մեքենաները միանման բնութագրիչներ են ունենալու և վաճառվելու են միևնույն գնային կատեգորիայում` 150 000-200 000 դոլարի սահմաններում:
Mercedes-Benz-ի մասնագետները պատրաստվում են մեքենայի վազքի առավելագույն հեռավորությունն առանց վերալիցքավորման հասցնել 400-500 կմ-ի, որպեսզի լուրջ մրցակցություն սահմանեն ամերիկյան «Տեսլայի» հետ:
Ենթադրվում է, որ համաշխարհային շուկայում Mercedes EV մոդելը կհայտնվի 2018-ից ոչ շուտ: