Էստոնիան պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի կազմում իր դաշնակիցների հավելյալ ուժերին
Էստոնիան պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցների հավելյալ ուժերին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թաավի Ռիյվասը` ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում, որն անցկացվում է Վարշավայում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` մեջբերելով Էստոնիայի կառավարության մամլո հաղորդագրությունը, գագաթնաժողովում վերջնականապես ամրագրվել է որոշումը, ըստ որի՝ նախատեսվում է ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խմբի ժամանումը Էստոնիա` ցամաքային գումարտակի կազմում, որի տեղակայումը երկարաժամկետ է լինելու: Հաստատվել է, որ գումարտակի ղեկավար մասնակից երկիրը կլինի Մեծ Բրիտանիան, ով հանդիսանում է Էստոնիայի բազմամյա գործընկերը: Գումարտակի կազմում կընդգրկվեն նաև դանիացի և ֆրանսիացի զինծառայողները:
Էստոնացի վարչապետի խոսքով` կառավարությունը պատրաստ է հավելյալ ծախսեր անել, որոնք կորոշվեն Վարշավայի գագաթնաժողովից և Էստոնիա ժամանող գումարտակի մաս կազմող երկրների հետ խորհրդակցություններից հետո: