«Մեր ազգային արժանապատվությունն է ոտնահարվում». Անդրիաս Ղուկասյանը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման մասին
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանության համար կազմակերպված ակցիայի մասնակիցներն այսօր Արգենտինայի դեսպանատան աշխատակիցներին փոխանցեցին այդ երկրի դատախազությանն ուղղված նամակ. բողոքում էին Էդուարդո Էռնեկյանից. Tert.am-ի հետ զրույցում պատմեց ակցիայի կազմակերպիչ Անդրիաս Ղուկասյանը:
«Սրանից 13 տարի առաջ այս օրերին Արգենտինայի դատարանը հրաման էր արձակել՝ կալանավորել Էդուարդո Էռնեկյանին՝ հարկերից խուսափելու համար: Մենք այս քայլով նորից Արգենտինայի իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում, որ իրենց երկրի քաղաքացին Հայաստանում բիզնես է վարում, կատարում է քայլեր, որոնք վատթարացնում են հայ և արգենտինացի ժողովուրդների հարաբերությունները»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ Էդուարդո Էռնեկյանն այս վերջին երկու տարվա ընթացքում արհամարհեց և հաշվի չառավ մեծամասնության կարծիքը: Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի քանդումն ինքնանպատակ է: «Մեր ազգային արժանապատվությունն է ոտնահարվում, որովհետև մեր ազգային կառույցները, գործիչները դիմում են, որ պահպանվի որպես պատմական արժեք, իսկ «Կոնցեսյոները» արհամարհում է բոլոր այդ մարդկանց կարծիքը, սա էլ առաջացնում է հակադարձ գործողությունների անհրաժեշտություն»,- ասաց նա։