Իրանի կողմից հրթիռների փորձարկումները չեն համապատասխանում միջուկային համաձայնագրի ոգուն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Իրանի կողմից հրթիռների փորձարկումները չեն համապատասխանում միջուկային ծրագրի վերաբերյալ համակողմանի համաձայնագրի ոգուն, սակայն այն հարցը` խախտո՞ւմ են արդյոք դրանք ՄԱԿ-ի բանաձևերը, պետք է որոշի Անվտանգության խորհուրդը, ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի զեկույցում:
Իրանի ԶՈւ-ն մարտի 8-9-ը փորձնական բալիստիկ հրթիռներ է արձակել` սեփական արտադրության հրթիռների փորձարկումների ավարտական փուլի շրջանակում: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համատեղ նամակով դիմել են ՄԱԿ-ի ԱԽ-ին`հայտնելով, որ Իրանի փորձարկումների ընթացքում կիրառվել են հրթիռներ, որոնք ունակ են միջուկային լիցք կրել, և պահանջել են «ադեկվատ պատասխան» գտնել Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակմանը:
Իր զեկույցում Բան Կի Մունը նշել է նաև, որ իրանական իշխանություններն ընդգծել են այդ հրթիռներում միջուկային լիցքի կիրառման անհնարինությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։