ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը հզորացնում է Հայաստանի անվտանգությունը. Քենեթ Յալովից
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը կարող է ամրապնդել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների նախկին դիվանագետ դեսպան Քենեթ Յալովիցը՝ մեկնաբանելով Լեհաստանում սկսվող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
«Ողջունելի կլիներ, եթե Հայաստանը նույնպես քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ, քանի որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սերտացումը կնպաստեր արտաքին քաղաքականության ոլորտում մանևրելու ազատությանը»,- ասել է նա:
Յալովիցի խոսքով, Արեւմուտքում գիտակցում են, որ Երեւանն առավել սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետշ։ «Միանշանակ հասկանալի է, որ Հայաստանը բարդ երկընտրանքի առջեւ է, սակայն այդ քայլերն առավել կավելացնեին Հայաստանի անկախության աստիճանը եւ դա հենց այն է, ինչ Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել»,– ասել է նա:
Բուն գագաթաժողովը կենտրոնացած է լինելու երկու հիմնախնդրի վրա: Դրանք են Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարը եւ Ռուսաստանի կողմից հնարավոր վտանգների կանխարգելումը: Ռուսաստանի հետ հարաբերություններին է անդրադարձել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը.
«Մենք երբեք չենք ընդհատել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը: Մեր անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդիպում են Ռուսաստանի տարբեր ներկայացուցիչների հետ»,– ասել է նա:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին, ապա այնտեղ ՆԱՏՕ-ի ներկայությունն այնքան զգալի չէ, առաջին հերթին՝ Մոսկվայի պատճառով, նշում է փորձագետ Դենիել Սերվերը. «ՆԱՏՕ-ն պաշտոնապես չի ներգրավվում Սիրիայում եւ Իրաքում գործողությունների մեջ, քանի որ այնտեղ մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի համագործակցությունը, որը չի լինի, եթե այնտեղ լինի դաշինքը»:
Վաշինգտոնում նաեւ չեն կիսում կարծիքը, թե Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի վրա, նշում է ազդեցիկ սենատոր Բեն Քարդինը։ «Բրեքզիթն իրականություն է, որը չի փոխում հիմնական կարիքները: Եվրոպայում դա Ռուսաստանի վտանգին դիմակայումն է, Արեւելքում՝ ահաբեկչության դեմ պայքարը: Մենք պատրաստ ենք հակազդել այս երկու վտանգներին եւ դուք կտեսնեք միավորված մի դաշինք»,– ասել է նա: