Քաղաքում նեխածի, սատկածի հոտ չկա, իսկ ջուրը համապատասխանում է սանիտարական նորմերին. Արթիկի քաղաքապետ
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի խոսքով՝ մինչև հեղեղն էլ երեխաներն Արթիկում ջերմություն էին ունենում. նա կոչ է անում քաղաքում ամեն ինչ չկապել հեղեղի հետ:
«Նոր հանգստյան տներից մեկում մի երիտասարդի հետ էի խոսում, ջերմություն ուներ, բայց դա ոչ թե հեղեղի հետևանք է, այլ մարդը վիրահատվել է, խնդիր ունի: Հիմա ինչո՞ւ եք ամեն ինչը կապում սելավատարի հետ…..»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետն ու պաշտոնապես հայտարարեց, որ քաղաքում «որևէ վարակ, որևէ համաճարակի հետ կապված արտակարգ վիճակ չկա»:
Ըստ նրա՝ կատարվում են ջրի քլորացման աշխատանքներ, իսկ ջրի նմուշը օրական երեք անգամ ստուգվում է: Ըստ այդմ`ջուրը «մաքսիմալ կերպով համապատասխանում է սանիտարական նորմերին»:
Հիշեցնենք, որ «Օգնենք արթիկցիներին վերացնելու հեղեղման հետևանքները» նախաձեռնության կազմակերպիչներից Սոֆյա Հովսեփյանը, ով այսօր 24 երիտասարդների հետ մեկնել է Արթիկ` ֆիզիկապես օգնելու արթիկցիներին, հայտնել էր, որ քաղաքում ահավոր հոտ կա, այդ թվում`սատկած կենդանու:
Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթն էլ տեղեկացրել էր, որ կուտակված ջրի նեխման հետևանքով վերջին օրերին քաղաքում երեխաների թունավորման դեպքեր են նկատվում, նրանք ջերմություն ու փսխոց են ունեցել:
Անդրադառնալով այս հայտարարությանը, որ քաղաքից ահավոր հոտ է գալիս, քաղաքապետը բարկացած ասաց. «Էդ նախաձեռնող անդամները, եթե եկել են, ասեք՝ թող գործ անեն, ոչ թե ապատեղեկատվություն տարածեն: Ու ոչ մի հոտ, նեխվածի, բանի չկա»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու նկուղներից ջուրը մինչև հիմա հեռացված չէ, Արսեն Աբրահամյանն ասաց. «Ո՞նց եք պատկերացնում հեռացնել, երբ ջրի մեջ անընդհատ ջուր է հոսում, հաղորդակցվող անոթների սկզբունքով նկուղը լցվում է»:
Այսինքն` ըստ քաղաքապետի` պետք է աշխատանքները վերջացնեն, գետի հունը փոխեն, նոր նկուղներից ջուրը հանեն:
«Ջուրը պետք է լցվի ձորը, ինչ է թե անունը դնենք՝ գործ ենք անում, էս մյուս կողմից էդ նույն ջուրը դուրս գա»,-ավելացրեց Արսեն Աբրահամյանը: