Ուրուգվայական ֆիլմերը կարճ, առօրեական պատմություններ են, և դրանցում աղքատությունը մշտապես առկա է. Ջեք Պողոսյան
Հուլիսի 1-7-ը Երևանում անցկացվում է ուրուգվայական ֆիլմերի երկրորդ փառատոնը: Ցուցադրությունն անց է կացվում Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:
Այսօր երեկոյան Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ցուցադրվեց ռեժիսոր Սեսար Չարլոնեի «Պապի բաղնիքը» ֆիլմը, որը ուրուգվայական կինոյի ամենաշատ պարգևներ ստացած կինոժապավեններից մեկն է:
Ֆիլմը պարզ լուծումներով նկարահանում է, որը ներկայացնում է արվարձաններում ծայրահեղ աղքատության մեջ ապրող ուրուգվայցու առօրյան: Ըստ սցենարի՝ 1988 թվականին Հովհաննես Պողոս Բ Պապն այցելում է Մելոն՝ ﬕ աղքատ քաղաք Ուրուգվայի խորքերում: Ֆիլմի հերոսը Ուրուգվայի ամենաաղքատ վայրերից մեկում է ապրում, որտեղ լսել են, որ Հռոմի պապը գալու է իրենց երկիր ու իրենց աղքատ գյուղի միջով է անցնելու, ուստի բնակիչները որոշել են գումար աշխատելու եղանակներ գտնել: Այստեղ սպասում են, որ Հռոմի պապի հետ 50 հազար զբոսաշրջիկ պետք է գա գյուղ և յուրաքանչյուր ընտանիք յուրովի պատրաստվում է ծառայություններ մատուցել զբոսաշրջիկներին ու օգտվել Հռոմի պապի այցելությունից:
Ֆիլմի հերոսը, ով մի աղքատ ուրուգվայցի է և ժամանակ առ ժամանակ գումար է աշխատում քաղաքից իր հեծանիվով ապրանք առաքելով, որոշում է վճարովի զուգարան կառուցել Պապի այցելության առթիվ ու այդ ճանապարհով գումար աշխատել: Ուստի իր իր տան վերջին խնայողությունները ու աշխատած կոպեկները դնում է զուգարան կառուցելու համար, որ այդ օրերին գյուղ եկած տուրիստներն օգտվեն իր վճարովի զուգարանից: Անգամ իր նպատակին հասնելու համար ընտանիքից թաքուն համագործակցում է հանցագործ մարդկանց հետ ու նրանց համար ևս պատվերներ առաքում: Սակայն, ի դժբախտություն հերոսի ու տեղի աղքատների, Հռոմի պապն իրենց բնակավայր չի այցելում ու բոլոր ջանքերն իզուր են անցնում:
Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է հենց այս ֆիլմն ընտրել ցուցադրության համար, փառատոնի կազմակերպիչ Ջեք Պողոսյանն ասաց. «Աղքատությունը աշխարհի իրականությունն է: Ես ընտրել եմ «Պապի բաղնիքը» ֆիլմը, որովհետև այն շատ ներկայացուցչական է և շատ մրցանակներ է ստացել աշխարհով մենք: Սա Ուրուգվայի ամենակարևոր ֆիլմերից է: Ուրուգվայական ֆիլմերը խոսում են կարճ, առօրեական պատմությունների մասին և աղքատությունը մշտապես առկա է»:
Ըստ նրա՝ այս ցուցադրության գլխավոր նպատակն է` ներկայացնել ուրուգվայական կինոյի առանձնահատկությունը. ներառված է վավերագրական, գեղարվեստական ֆիլﬔրի ընտրանի:
Այսօր ուշ երեկոյան ցուցադրվեց նաև ռեժիսոր Մանուել Նիետոյի «Որդու վայրը» ֆիլմը: Սա մի տղայի պատմության մասին է, որը սովորում է Մոնտեվիդեոյում և որին տեղյակ են պահում, որ հայրը մահացել և, որ ինքը պետք է ճամփորդի Սալտո քաղաք` մասնակցելու թաղմանը և ստանալու ժառանգությունը: Սալտոյում բացահայտում է, որ հայրը նրան թողել է պարտքեր ունեցող ագարակ, մի ծեր շուն և մի տուն, որտեղ դեռևս բնակվում է նրա սիրուհին:
Փառատոնը կազմակերպվել է Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության, Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և այլ կառույցների հովանու ներքո:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը, որն առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ունի հայկական մեծ համայնք: Ցուցադրությունն իրականացվում է Մալյանի թատրոնում, մուտքն ազատ է և անվճար: