Քաղպայմանագիրը վաղը Վանաձորի նոր կառույց կձևավորի, որն էլ առանձին ցուցակով կմասնակցի քաղաքապետի ընտրություններին
Վաղը Վանաձորի «Գրին Հաուս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովը: Ժողովի ժամանակ ընտրությունների միջոցով կձևավորվի կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդը և կընտրվի վերահսկող: Ժողովին ներկա կլինեն Վարչության անդամներ:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համախոհներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն ու որոշ անդամներ օրեր առաջ հայտարարել էին կուսակցությունը լքելու մասին: Ավելի վաղ ՔԿ-ն որոշում էր կայացրել կուսակցության Վանաձորի կառույցը լուծարելու մասին:
ՔՊԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Անդրանիկ Սերգոյանն ու այլ անդամներ իրենց հայտարարության մեջ մասնավորապես ասել էին, որ իրենց հեռանալու պատճառը անհամաձայնությունն է «վարչության կողմից իրականացվող քաղաքական գործելաոճի հետ, ընդդիմադիր դաշտում առանձնացված գործելաոճը, ընդդիմադիր միասնականությունը չհանդուրժելը, տարածքային կառույցի ու խորհրդի անդամների կարծիքը հաշվի չառնելը»:
ՔՊԿ վարչությունն էլ իր հերթին Վանաձորի կառույցին մեղադրել էր, որ տարածքային կազմակերպության խորհրդի անդամները, մյուս ընդդիմադիրների հետ բանակցություններ են վարել հնարավոր դաշինքի ձևավորման ուղղությամբ, և դա ներկայացվել էր որպես «ծրագրային և կանոնադրական պահանջներն իրականացնելու, քաղաքական կամքի բացակայություն»:
ՔԿ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի կազմում առաջադրումները հենց տեղում կլինեն: Մեր հարցին, թե կարծում է՝ Վանաձորի նոր կառույց հիմնելը կհարթի՞ կնճիռներն ու խմորումները, որ կային Վանաձորի կառույցում, Հարությունյանն ասաց. «Դա մի քանի հոգու պրոբլեմներն է եղել: Էնտեղ մենք մի քանի հարյուր անդամներ էլ ունենք, էնպես որ առանձնապես լուրջ խնդիր չենք ունեցել: Տարածքայինի լուծարումից հետո մենք շարունակել ենք նախապատրաստվել ՏԻՄ ընտրություններին»:
Ըստ Հարությունյանի՝ «Քաղպայմանագիրը» Վանաձորի ու Գյումրու ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով ու ցուցակով. «Այս պահին դեռ քննարկումները գնում են, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում դրա հետ կապված որոշումներ կկայացնենք»:
«Հնարավո՞ր է այլ կուսակցության թեկնածուի սատարեք» հարցին ի պատասխան նա ասաց. «Մենք մասնակցելու ենք ընտրություններին մեր ցուցակներով»:
Մեր հստակեցմանը, թե Գյումրիում է՞լ չեն սատարելու ԳԱԼԱ-ի թեկնածուին, ինչպես մամուլում գրվել է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ էս պահին միտված ենք մեր թեկնածուով մասնակցելու»: