Հունաստանն առաջին տեղում է, Թուրքիան` ցուցակից դուրս. որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայաստանցիները
Հանգստի սեզոնը բացված է: Պարզելու համար, թե հայաստանցիների` հանգստի համար նախընտրած երկրների ցանկում և գնային քաղաքականության մեջ ինչ փոփոխություններ են կատարվել, Tert.am-ը զրուցել է հայկական շուկայում գործող տուրիստական մի քանի գործակալությունների հետ:
«Լիգո տուր»–ի տուր-մենեջերի խոսքով` ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հայաստանցիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Հունաստանում.«Հունաստանը առաջնայինների թվում է, այս տարի որպես նոր ուղղություն պահանջված է նաև դեպի Կիպրոս հանգստի կազմակերպումը, եվրոպական երկրներից հայերը նախընտրում են հանգիստն անցկացնել Իսպանիայում, Իտալիայում»:
Հարցին, թե որպես նոր ուղղություն որ երկրներն են ավելացել հանգստի համար նախատեսված երկրների ցանկում, տուրիստական գործակալության աշխատակիցն ասաց, որ Հայաստանից ուղիղ չվերթ է իրականացվում դեպի Վենետիկ, Սիցիլիա, իսկ հայերի կողմից ընտրվող անփոփոխ ուղղությունը ողջ տարվա ընթացքում Արաբական Միացյալ Թագավորություն է:
Նրա խոսքով` հայերի հանգստյան երկրների ցանկից Եգիպտոսը դուրս է մնացել.«Դեպի Եգիպտոս պահանջ գրեթե չկա, պայմանավորված քաղաքական զարգացումներով»:
Հարցին, թե արդյոք հանգիստը հետզհետե առավել անհասանելի չի՞ դառնում հայաստանցիների համար, տուր-մենեջերը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով` հանգստի համար առաջարկվող ուղղությունների գները ոչ միայն չեն թանկացել, այլ չնչին չափով մատչելի են դարձել:
«Սանի տուրի» գլխավոր մենեջեր Մերի Սամպոնջյանն էլ ասաց, որ Հունաստանն առաջին հորիզոնականում է հանգստի համար ցանկալի երկրների թվում, իսկ Թուրքիան դուրս է մնում այդ ցուցակից։
«Այս տարի մեկ ուրախալի փաստ ևս կա,կարող ենք արձանագրել, որ հայերը չեն հարցնում Անթալիա հանգստի մասին: Վերջին ամիսների ընթացքում ընդամենը մեկ հոգի է դիմել Անթալիա հանգստի համար, որը չենք իրականացրել: Ուղղությունը փոխվել է, այս տարի ամենանախընտրելի երկիրը Հունաստանն է, այնուհետև Իսպանիան, Կիպրոսը, Իտալիան և նման երկրներ: Դեպի Վրաստան ուղղությունը ևս պահանջվածների թվում է, չնայած մեր գործակալությունը այդ ուղղությամբ չի հետաքրքրվում,սակայն պահանջարկ կա»,– ասաց նա:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այցը դեպի Հունաստան, «Սանի տուրի» աշխատակիցն ասաց, որ ավելի դինամիկ գներ կան, ավիատոմսերի գներն ավելի ճկուն են, իսկ կանոնավոր չվերթներն առավել հաճախակի են դարձել:
«Սիթի թրավել» տուրիստական գործակալության աշխատակիցը ևս փաստեց, որ հանգիստն ավելի մատչելի է դարձել այս տարի, իսկ հայաստանցիները նախընտրում են հանգստանալ եվրոպական երկրներում.«Հայերի նախընտրած ուղղությունները դեպի եվրոպական երկրներ են, իսկ հանգիստն այս տարի չնչին չափով ավելի մատչելի է դարձել, քան նախորդ տարիներին»:
Հարցին, թե տարածաշրջանային երկրներից ո՞րն են նախընտրում հայաստանցիները, տուրիստական գործակալության աշխատակիցն ասաց, որ Վրաստանը կրկին առաջնայինների թվում է,այնտեղ հանգիստը մատչելի է.«Վրաստանը կրկին պահանջված երկրների թվում է, իսկ որպես նորություն այս տարի ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի Բարսելոնա, որը նույնպես հանգիստն անցկացնելու համար ընտրում են հայաստանցիները»: