Հայկական կողմերին դրդում են տարածքային կորուստների գնալ. Արման Մելիքյան
ԵԱՀԿ գործող նախագահի այցերը մեր տարածաշրջան ավանդական բնույթ ունեն և այդ տեսանկյունից Գերմանիայի արտգործնախարարի՝ Երևանում ու Բաքվում տեղի ունեցած հանդիպումներն այնքանով կարելի է ուշագրավ համարել, որ դրանք տեղի են ունեցել Արցախում ապրիլյան ռազմական գործողություններից հետո տեղի ունեցած քաղաքական զարգացումների արդյունքում ձևավորված նոր մթնոլորտում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ խոսելով ԵԱՀԿ նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի տարածաշրջանային այցի մասին:
«Ցավոք, հակառակ նախնական ենթադրություններին, պարոն Շտայնմայերն Արցախ չմեկնեց և ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպեց Երևանում, այնպես որ կարող ենք ասել, որ նա ևս չցանկացավ պաշտոնական Ստեփանակերտը վերջինիս պատուհասած քաղաքական կոմայից դուրս բերել»,– ասաց նա:
Ըստ Արման Մելիքյանի՝ զարմանալու բան չկա, քանի որ իր այդ պահվածքով «պարոն Շտայնմայերն ընդամենն ընդգծեց, որ արցախյան գործիչներն իր համար ԼՂԻՄ «ադրբեջանական համայնքի» հայկական տարբերակը ներկայացնող մարդիկ են, ովքեր անկախ պետականության կրողն ու մարմնավորումը չեն, իսկ դա անմիջականորեն բխում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա կիրառման մեջ դրված կարգավորման բանաձևից»:
«ԵԱՀԿ գործող նախագահողը Երևանում հանդիպեց ԼՂՀ ղեկավարությանն, իսկ Բաքվում՝ ադրբեջանցի ներքին տեղաշարժված անձանց ներկայացուցիչների հետ, ում պաշտոնական Բաքուն և բանակցային գործընթացին շահագրգիռ մասնակցություն ունեցող մնացյալ դերակատարները միտումնավոր կերպով փախստական են անվանում, ու նրանց միջև, հերթական անգամ, հավասարության նշան դրեց»,- հավելեց նա։
Ըստ Արման Մելիքյանի՝ իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե Ստեփանակերտում ի վերջո գան այն մտքին, որ անկախ, ինքնիշխան պետություն հռչակած երկիրը պետք է նաև ինքնիշխան քաղաքականություն վարի:
«Այդպիսի ցանկության և ունակության բացակայությունն է որ ուղղակի պարտադրում է օտարներին՝ ստեփանակերտյան պաշտոնյաներին հավասարեցնել ադրբեջանական հասարակական կազմակերպության նախագահի կամ քարտուղարի կարգավիճակին: Իր կողմից նաև պաշտոնական Երևանն է ստեղծել այս իրավիճակի պահպանմանն ու խորացմանը նպաստող նախադրյալները»,- նշեց նա:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը չի կարծում, որ այժմ տեղի ունեցող զարգացումները կարելի է կարգավորում կամ կարգավորման գործընթաց համարել։ Ըստ նրա՝ հայկական կողմերին դրդում են հսկայական տարածքային կորուստների գնալ, դրդում են կատարյալ քաղաքական ու ռազմական կապիտուլյացիայի:
«ՀՀ և ԼՂՀ ներկայիս պատասխանատուներն էլ առայժմ որևէ քայլ չեն անում այդ իրավիճակից դուրս գալու համար: Նման պայմաններում Գերմանիան հատուկ անելիք չունի՝ ընդամենը պետք է ձգտի ցույց տալ, որ անտարբեր չէ տեղի ունեցող գործընթացների հանդեպ և ցանկացած հանգուցալուծման պարագայում կողջունի հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Անգամ եթե այդ պայմանավորվածությունները հայկական կողմերի կապիտուլյացիային վերաբերեն»,- ասաց նա:
Անդրադառնալով Շտայնմայերի հայտարարությանը, որ Արցախում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է, Արման Մելիքյանը նշեց, որ դրա անհրաժեշտության մասին խոսակցությունները «մեր պաշտոնական քաղաքական մտքի ու դիվանագիտության կաթվածահար լինելու արդյունքն են»:
«Այո՝ լուրջ հիմքեր կան եզրակացնելու, որ նախապատրաստվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու ծավալուն գործընթաց, որի նախաձեռնումն ու իրականացումն անհնար կլիներ առանց հայկական իշխանական դասի վերին օղակի կամավոր մասնակցության: Զավեշտն այն է, որ այստեղ անգամ գաղտնի դավադիր ծրագրի մասին խոսելն է ավելորդ»,- ասաց նա։