Անտոնիո Կոնտեի հետխաղյա մամլո ասուլիսը
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրոպայի 2016թ. առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի ընտրանու դեմ տարած փայլուն հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով:
Իսպանիայի ընտրանու դեմ տարած հաղթանակի մասին
«Իմ ֆուտբոլիստներն այսօր անհավանական աշխատանք կատարեցին: Հիշեք Իսպանիայի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Չավիի խոսքերը, ըստ որի՝ Իտալիայի հավաքականը միաժամանակ հիշեցնում է ե՛ւ «Ատլետիկոյին», ե՛ւ «Բարսելոնային»:
Դա մեզ համար լուրջ հաճոյախոսություն է: Դա հաստատում է, որ ֆուտբոլով զբաղվող մարդիկ հասկանում են այս մարզաձեւից:
Առաջիկա խաղի մասին
Գերմանիայի ընտրանու դեմ հանդիպումն ավելի բարդ կլինի: Ցավում եմ, որ Մոտան դեղին քարտերի պատճառով չի կարողանա մասնակցել այդ հանդիպմանը: Նա հանդիսանում էր Իտալիայի ընտրանու 12-րդ ֆուտբոլիստը:
Ֆուտբոլիստներին ասել եմ, որ չի կարելի դադարել երազել: Նրանք ի զորու են հաղթել յուրաքանչյուր մրցակցի: Տղաներն այսօր դա ապացուցեցին:
Իտալիայի ընտրանու համախմբվածության մասին
Գոհ եմ, որ մենք կարողացանք հիանալի պահեր ստեղծել: Այո, մենք, ինչպես միշտ, պաշտպանությունում փայլուն էինք գործում, սակայն իմ նպատակն էր կոտրել այն կարծրատիպը, թե Իտալիայի ընտրանին խաղում է միայն պաշտպանությունից:
Մարզում եմ թիմը՝ շեշտ չդնելով հակագրոհների վրա: Հիանում եմ տղաներով, որոնք այս մեկ ամսվա ընթացքում կատարել են իմ բոլոր առաջադրանքները:
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին
Ժամանակին ֆուտբոլիստներն ասում էին, որ ես խաղադաշտում իսկական գազան եմ: Բնավորությունս թույլ չի տալիս հեռու մնալ այն մարդկանցից, որոնց հետ ես աշխատում եմ: Ամեն դեպքում, որոշումը կայացված է, եւ արտերկրում աշխատելով ես ձեռք կբերեմ լրջագույն փորձ:
Իտալիան նախկինի պես կմնա իմ սրտում եւ ես հուսով եմ, որ ապագայում կրկին կգլխավորեմ այս հավաքականը: Սա յուրահատուկ փորձ է, որը չի կարելի համեմատել այլ ակումբներում աշխատած տարիների հետ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: