Երևանում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը
Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երևանում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:
Ինչպես հավաստիացնում են կազմակերպիչները, երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:
Լրագրողների հետ զրույցում Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, կազմակերպիչ Ժորա Սարգսյանը նշեց, որ եռօրյա փառատոնից բացի ծրագրի շրջանակներում անցկացվելու են նաև վարպետության դասեր, որոնց կմասնակցի փառատոնի գլխավոր հյուրը՝ գերմանացի ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը:
Փառատոնային երկրորդ համերգին՝ հունիսի 29-ին ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը, ով Ռուսաստանից է, իսկ փակման երեկոյին՝ հուլիսի 1-ին, հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը Բուլղարիայից:
Վարպետության դասերը կանցկացվեն «Loft»-ում ու «ԱՅԲ» դպրոցում:
Իսկ համերգային ծրագրում ընդգրկված են ռենեսանս, բարոկկո, դասական, ռոմանտիկ ու ժամանակակից ստեղծագործություններ, որ կիթառը հանդիսատեսին ներկայացվի իր բոլոր կողմերով:
«Բավականին պրեմիերաներ ունենք՝ հայկական, համաշխարհային: Բավական հետաքրքիր ծրագիր է սպասվում»,-ասաց Ժորա Սարգսյանը: