Նժդեհի՝ գերմանացիների հետ հարաբերվելու պատճառները պարզ են, բայց դժվար է դա փոխանցել ռուս ժողովրդին. Ա. Վիրաբյան
Այն, որ Գարեգին Նժդեհը եղել է Բեռլինում, հարաբերվել է գերմանական իշխանությունների հետ, փաստ է. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ խոսելով Գարեգին Նժդեհի և նրա մասին եղած ռուսական քաղաքական շրջանակների ոչ դրական կարծիքների մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:
«Այն, որ Գարեգին Նժդեհը եղել է գերմանացիների կողմից գրաված Ղրիմում, ևս փաստ է: Բնականաբար Ռուսաստանն այս ամեն ինչին վերաբերում է որպես հարաբերություն, համագործակցություն ֆաշիզմի հետ: Այստեղ պետք է հաշվի առնել մի հանգամանք՝ ինչի՞ց դրդված հատկապես Նժդեհը գնաց այս հարաբերություններին. առաջին, որ 1930-ական թվականներին Գերմանիայում հայերը ևս համարվում էին սեմիթական ժողովուրդ»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:
Նա հիշատակեց, որ Գարեգին Նժդեհը, Արտաշես Աբեղյանը և մի շարք այլ գիտնականներ ապացուցեցին, որ հայերը սեմիթական ժողովուրդ չեն։
«Պատերազմի առաջին օրից մեծ քանակությամբ հայ զինվորներ գերի դարձան և քննարկում էին, թե ինչպես օժանդակել հայ զինվորներին, որպեսզի նրանց ճամբարային կյանքը ավելի դյուրին լինի և զանգվածային ոչնչացման չենթարկվեն: Սա ևս մեկ խնդիր էր, որը Նժդեհը դրել էր իր առաջ և ստիպված այդ խնդիրները լուծելու համար հարաբերվում էր գերմանական իշխանությունների հետ»,- ասաց Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ այս փաստերը մեզ համար պարզ են, բայց դժվար է դա փոխանցել ռուս ժողովրդին: