Լեհաստանում կարտաշիրիմեն 2010թ. կործանված նախագահական օդանավի զոհերի մնացորդները
Լեհաստանի դատախազությունը պատրաստվում է արտաշիրիմել 2010թ. նախագահ Լեխ Կաչինսկու օդանավի ողբերգական կործանման զոհերի մնացորդները` դրանք կրկին անալիզի ենթարկելու նպատակով:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ռուսական Սմոլենսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել է 96 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահը, նրա կինը, Կենտրոնական բանկի նախագահը, բարձրաստիճան զինծառայողներ ու օրենսդիրներ:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ Լեհաստանի նախկին իշխանությունները հայտարարել են, որ ավիաաղետը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով: Սակայն երկրի ներկայիս իշխանությունները հակված են այն կարծիքին, որ օդանավում պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո էլ այն ընկել է: Հայտնի է, որ իշխանությունները որոշել են վերսկսել գործի հետաքննությունը:
Թեպետ Լեհաստանի իշխանությունները երբեք բաց տեքստով չեն մեղադրել Ռուսաստանին այս ողբերգությունը կազմակերպելու համար, այնուհանդերձ` բազմիցս նշել են, որ տեղի ունեցածը բխում էր Մոսկվայի շահերից: