2015թ-ի հունիսի 22-ն էր, մտանք Բաղրամյան. Վաղինակ Շուշանյանը Electric Yerevan շարժման արդյունքների մասին
Electric Yerevan շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, մեկ տարի անց Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի 15 օրերին, նշեց, որ շարժումը կարող է դասական ուղեցույց լինել, թե ինչ պետք է անել և ինչ չանել, որ պահանջները տեղ հասնեն: Ըստ նրա, եթե շարժման օրերին արդյունքների մասին մի փոքր դժվար էր խոսել, այսօր արդեն դրանք ավելի քան ակնհայտ են:
-Վաղինա՛կ, մեկ տարի է անցել այսպես ասած՝ ամենաստացված Electric Yerevan շարժումից։ Եթե ետ հայացք գցենք, ինչպե՞ս սկսեց և ի՞նչ տվեց շարժումը:
- Ուղիղ մեկ տարի է անցել, ինչ մենք Ազատության հրապարակից շարժվեցինք դեպի Բաղրամյան պողոտա: Կարծում եմ՝ առիթ կա, որ մենք էլ մեր թոռներին պատմենք, ինչպես մեր պապերն էին մեզ պատմում՝ «45 թիվն էր, մտանք Բեռլին»։ Հիմա մենք էլ կարող ենք ասել՝ 2015թ-ի հունիսի 22-ն էր, մտանք Բաղրամյան: Հարց էր բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համար, գների վերանայման համար, հանրային ծառայություների հանձնաժողովի որոշումը չեղարկելու համար: Բաղրամյանում մեկ օր հետո ավելացավ ևս մեկ պահանջ, քանի որ մեզ վրա բիրտ ուժ կիրառեցին և մնացին անպատիժ. պահանջ էր ավելացել՝ գտնել մեղավորներին: Թե ինչ տվեց շարժումը մեզ, կարելի է ասել, որ շատ մեծ բաներ՝ դեռ մի կողմ դնելով քաղաքական-հասարակականը, որովհետև շատերը մտածում էին, որ դա հակառուսական ակցիա էր, մինչդեռ ռուսական ընկերության դեմ էր: ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորվեցին, Պերմյակովը հետ հանձնվեց Հայաստանին, ՀՀ-ին վարկ տրամադրվեց ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, որը այդպես էլ ոչ մի կերպ չի հասնում Հայաստան: Բայց ամենամեծ շահումը, որ մենք ունեցանք, նոր սերնդի իրավագիտակցության ծնունդն էր, երիտասարդների մեջ պահանջ ձևավորվեց՝ տնօրինելու իրենց իրավունքը:
-Իսկ ո՞րն էր գաղտնիքը. շարժումն ըստ էության չուներ քաղաքական առաջնորդություն, բայց կարճ ժամանակում եռապատկվեց, քառապատկվեց:
-Խնդիրը նրանում է, որ շատերը նման հարցերում գաղտնիք են փնտրում, բայց գաղտնիք ընդհանրապես չկար, ինչքան ամեն ինչ պարզ, հասարակ ու թափանցիկ է լինում, ավելի արագ և արդյունավետ է լինում, դրա պատճառով ոչ մի գաղտնիք չի եղել: Ամեն ինչ արվել է պահի դրությամբ, մի ժամ քննարկելու արդյունքում, այսինքն՝ ոչ մի պլանավորած քայլ չի եղել, ինչ եղել է, եղել է իմպրովիզացիայի վրա:
-Իսկ կարելի՞ է ասել, որ հայտ էր ընդդիմությանը, որ կարելի է առանց ընդդիմության ու քաղաքական գործիչների շարժում սկսել, որը կարող է արագ թափ ստանալ:
-Այնպես չէ, որ խնդիրը վերաբերում էր միայն ընդդիմությանը և ընդդիմությունը պետք է հարցերին լուծում տար: Օրինակ՝ Electric Yerevan շարժման դեպքում, եթե ընդդիմությունը գործ աներ, շատ գովերգելի կլիներ, բայց կա դրա հակառակ կողմը, երբ սկսեր գործ անել, ասենք՝ ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն ասեր՝ եկեք դուրս գանք փողոց և պայքարենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, միայն նրա կուսակցականները կգնային։ Իսկ նրանք, ովքեր այլ կուսակցությունից են կամ էլ անկուսակցական են, չեն գնա, կասեին՝ սեփական PR-ն է արվում: Իհարկե, ինչքան անկախ ես լինում, ձեռքերդ ու ոտքերդ ազատ են լինում, բերանդ փակ չի լինում, կարողանում ես հանգիստ անել այն, ինչ ուզում ես։ Մենք արեցինք և ստացվեց դա՝ լավ, թե վատ, դա հարցի մյուս կողմն է:
-Եթե մի կողմ դնենք հետագա հիասթափությունները՝ կարո՞ղ ենք ասել, որ Electric Yerevan շարժումը կարող է դասական ուղեցույց լինել, թե ինչ պետք է անել և ինչ չանել՝ պահանջները տեղ հասցնելու համար:
-Միանշանակ կարելի է հենց այդպես էլ անվանել՝ ուղեցույց, հուշարար, որովհետև ազատ, անկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում դեռևս չի եղել մի դեպք, որ երիտասարդությունը կամ հասարակությունը ոստիկանի դեմ կանգնած, երբ իրեն խփում են, գոռա, որ ոստիկանը մերն է և չնահանջի ու հակադարձ քայլ չանի: Սա այն է, ինչը կարելի է ցույց տալ մեր երեխաներն, ինչը մտավ պատմության դասագրքերի մեջ և ինչը ստացավ Electric Yerevan անունը:
- Ամփոփելով՝ վերջում կարծես հայկական տարբերակը եղավ՝ ուզում էին լավ լիներ, ստացվեց ինչպես միշտ՝ պառակտումներ, հիասթափություններ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ շարժումը այդուհանդերձ չունեցավ ուրախ ավարտ:
-Բոլորն ասում են, թե ինչու այնպես եղավ, որ սխալ եղավ, իսկ ո՞վ է ասել, որ սխալ եղավ, իսկ ինչո՞ւ չեք ասում՝ ինչու եղավ այնպես, որ ճիշտ եղավ: Մենք, առաջին հերթին, չենք ուզում տեսնել շարժման լավ կողմը, միանգամից տեսնում ենք բացասականը և սկսում ենք գլուխ ծեծել, ծունկ ծեծել, թե բա գիտե՞ք՝ հարամվեց ամեն ինչը, նա դավաճան էր, նրանք ծախվեցին: Պետք է հասկանալ, որ ամեն հարց զոռբայության չի լուծվում, գլուխը պատին խփելով չի, ինչպես Պարույր Սևակն է ասում՝ պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ: Պետք է կամ շրջանցել պատը կամ էլ համապատասխան սարք վերցնել, գալ, քանդել այդ պատը և ոչ թե մենակ խփել։ Ճիշտ է՝ մեր իշխանությունների մոտ ամեն ինչ մի քիչ ուշացումով է լինում, օրինակ՝ այս տարի նոր ուշացումով հասել է անցած տարի բարձրացված 7 դրամի կեսը էժանացնելը. չի բացառվում մինչև դեկտեմբեր ամիսը էժանացվի ևս այն մյուս 3-4 դրամը:
-Այսինքն՝ կարծում եք շարժման արդյո՞ւնք էր այն, որ օրեր առաջ էժանացավ էլեկտրաէներգիայի սակագինը:
-Միանշանակ, եթե մի ընկերություն 5-6 տարիների ընթացքում իր հետևից թողել է միլիոնավոր պարտքեր, եթե չեմ սխալվում 250 մլն-ի պարտք ուներ և հանկարծ մեկ տարվա մեջ, երբ ընկերությունը գնում է մեկ այլ ուրիշ մարդ, աուդիտ է անցկացնում և պարզվում է՝ ինչ-որ բենզալցակայանի տեր ամբողջ տարի չի վճարել և հաշվիչներ է տեղադրում ու վճարում, միևնույնն է՝ այդքանով հանդերձ անհնարին է դարձնում, որ մեկ տարվա մեջ 250 մլն-ի պարտքը վերանա ու մի բան էլ գերշահույթ ունենա, որ հոսանքի գինը էժանացնի: Դա ընդամենը պարզ տրամաբանական հարց է: Իհարկե, իշխանությունները խնդիր ունեն մոտ ապագայում խնդիրը լուծելու, առջևում ընտրություններ են, չեն ուզում, որ բողոքներ լինեն, փողոցներ դուրս գան, արտասահմանյան հյուրեր ունենք և այլն, և այդ կրքերը գոնե փոքր-ինչ հանգստացնելու համար պետք էր փոքր քայլ անել: Նրանք անցած տարի էլ բաղրամյանական պիկն ըստ էության օգտագործեցին իրենց շահերի համար, և պարզ էր, որ եթե ցանկանային, մեկ րոպեում այդքան մարդկանց կցրեին: Այնպես որ, իրենք իրենց խնդիրը լուծեցին և նոր բացեցին պողոտան: Մենք պետք է այնպես անենք, որ չդառնանք իրենց օգտագործման գործիքը, անենք մերը, որը կարող է նաև իրենց օգուտ տալ, ինչ էլ չլինի՝ մեր իշխանություններն են, եթե կարելի է մերը համարել:
-Այլ կերպ ասած՝ Բաղրամյանի դեպքում իշխանության շահերին համադրվեց հասարակության շահերը և ստացվեց Electric Yerevan-ի գեղեցիկ պատմությունը…
-Հասարակության շահերը չհամադրեցին, այլ առաջին հերթին իրենց շահերը առաջնապլան դնելով՝ հասարակությանը մի փոքր զիջեցին: Իրենց խնդիրը լուծեցին և նոր միայն այս տարի անդրադարձան նաև մերին: Իհարկե, դեռ շատ հարցեր կան, որ պետք է պատասխան տան: