Հռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում
Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրատվամիջոց: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Այդ լրատվամիջոցների կեսը հայաստանյան լրատվամիջոցներն են, կեսը՝ միջազգային: Հանրապետության այն վայրերում, որտեղ նախատեսված են միջոցառումներ, ստեղծված են բոլոր պայմանները՝ լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքի համար: Ստեղծված են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլորը հնարավորություն ստանան ունենալ լիարժեք տեղեկատվություն և կարողանան արդյունավետ լուսաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար հավելել է, որ բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում կհեռարձակվեն հայաստանյան հեռուստաալիքներով: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին 6 լեզուներով տրամադրվել են բոլոր միջոցառումները մեկնաբանող տեքստերը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում կլինի հունիսի 24-26-ը: Նրա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: