ԵՄ-ում կոչ են արել ստուգել սիրիացիների ուղղությամբ թուրք սահմանապահների կրակ բացելու մասին լուրերը
Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների հարցերով հանձնաժողովի պատգամավորները երեքշաբթի օրը կոչ են արել Եվրամիությանը ստուգել հաղորդագրություններն այն մասին, որ թուրք սահմանապահները կրակ են բացել սիրիացիների վրա, ովքեր փորձել են Սիրիայից Թուրքիա անցնել: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամներն ավելի վաղ իրենց կայքում հայտարարել էին, որ թուրք սահմանապահները սպանել են 11 սիրիացու, ովքեր փորձել են Իդլիբ շրջանում ընթացող ռազմական գործողություններից փախչել Թուրքիայի տարածք:
Թուրք զինվորականներն այդ հաղորդագրությունները հերքել են:
Եվրապատգամավորների մեծ մասը խիստ մտահոգություն է հայտնել հաղորդագրությունների առնչությամբ: Եթե այդ հաղորդագրությունները հաստատվեն, ԵՄ-ի կողմից պետք է հետևեն որոշակի քայլեր:
Եվրապատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին գնահատել, թե արդյոք կարելի՞ է նման հանգամանքներում իրագործել այս տարվա մարտին ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը: