Առաջընթացի համար անհրաժեշտ է բանակցային գործընթացում ներգրավել Արցախին. ԼՂ ԱԺ պատգամավոր
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջ գնալու համար անհրաժեշտ է բանակցային գործընթացում ներգրավել Արցախի կողմը: Այլապես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները շոշափելի արդյունքներ չեն տա: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր, ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը: Վերջինս նշեց՝ վստահ է, որ Հայաստանը գործադրում է իր բոլոր ռեսուրսները, որպեսզի Արցախը հետ վերադառնա բանակցային գործընթաց, պարզապես դրա համար ժամանակ է պետք:
- Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը: Քաղական ու փորձագիտական շրջանակներում այս առնչությամբ կարծիքները տարբեր են: Մի կողմից ասում են, թե սա հանդիպում էր հանդիպման համար, մյուս կողմից՝ առաջ քայլ են որակում: Ո՞րն է Ձեր կարծիքը:
- Նախ ասեմ, որ հանդիպման փաստն արդեն իսկ լավ է: Գնահատելի է, որ կողմերը ևս մեկ անգամ հայտնում են պատրաստակամություն հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման մանրամասներին, այս մասով քիչ տեղեկատվություն կա, քանի որ հանդիպումն անցել է փակ դռների հետևում:
Ամեն դեպքում շեշտեմ, որ նախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ ձեռք է բերվել պատրաստակամություն Վիեննայի պայմանավորվածություններն իրականացնելու պատրաստվածության վերաբերյալ, դրական էր, կարևոր: Ողջունելի է, որ կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ հարցը խաղաղ կարգավորելու վերաբերյալ:
- Հանդիպման արդյունավետության վերաբերյալ թերահավատությունը հենց այդտեղ է, կարծիքներ կան, որ կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը նախորդ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և ոչ ավելին: Այսինքն՝ նոր բան չի որոշվել:
- Կրկնում եմ, սրանք ընդամենը կարծիքներ են, որոնք հիմնված չեն փաստերի վրա: Իսկ փաստերը՝ մնացել են փակ դռների հետևում: Բացի այդ, ամենևին էլ այնպես չէ, որ ի սկզբանե մեծ սպասելիքներ ունեինք այս հանդիպումից: Եթե որևէ մեկն ակնկալում էր, որ հանդիպման ժամանակ փաստաթուղթ պետք է ստորագրվի կամ մի քայլ առաջ գնանք, այդպես չէ: Առաջ գնալու համար անհրաժեշտ է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությունը: Չեմ կարծում, որ առանց ղարաբաղյան կողմի որևէ լուրջ պայմանավորվածություն կարող է ձեռքբերվել, փաստաթուղթ ստորագրվել:
- Պարոն Մելքումյան, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումից հետո հարցազրույց էր տվել բավական դրական երանգներով: Տպավորություն կար, որ Նալբանդյանն ակնարկում է ադրբեջանական դիրքորոշման փոփոխության մասին, որը դրական է տեղաշարժվել դեպի փոխզիջում: Դուք նման երանգներ նկատեցի՞ք, թե Ադրբեջանի կեցվածքը չի փոխվել:
- Դժվար է ասել, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը փոխվել է: Բացի այդ, այս տարիներին Ադրբեջանի կողմից վարած կեցվածքն անվստահություն է ներշնչում: Ավելին՝ Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է, որ խաբի, ուստի հավատալ, որ Ադրբեջանի խոսքերին կամ քաղաքականության ժամանակավոր փոփոխությանը, ես չեմ կարող: Մինչև միջազգային երաշխիքներ չունենանք, որ Ադրբեջանը չի խախտի օրինակ հրադադարի ռեժիմը կամ խախտողը կպատժվի, Ադրբեջանի խոսքերին հավատալ չենք կարող: Ես վստահում եմ միայն մեր զինվորին, մեր բանակին, քանի որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը եղել ու մնում է ԼՂՀ ՊԲ-ն:
- Բայց այս անգամ նախագահների հանդիպումից առաջ կրակոցներ չեղան, ինչպես մշտապես լինում էր նախորդ բոլոր հանդիպումներից առաջ:
- Այո, տևական ժամանակ է սահմաններում լարվածությունը նվազել է: Բայց հանդիպումից ժամեր առաջ Ադրբեջանի նախագահը բավական բացասական շեշտադրումներով հարցազրույց տվեց՝ պահպանելով նախորդ դիրքերը, այն է՝ ագրեսորի ելակետից:
- Ասացիք, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում լուրջ առաջընթացը դժվար հասանելի կլինի, քանի դեռ Ղարաբաղը բանակցային կողմ չէ: Պետերբուրգի հանդիպումից առաջ շատ էին կարծիքները, որ Հայաստանը ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու պահանջը պետք է ներկայացնի որպես նախապայման կամ չմեկնի հանդիպման, քանի դեռ այդ պահանջը չի ընդունվել և այլն: Ռադիկալ քայլերն այս հարցի լուծման համար ընդունելի՞ են:
- Կասկած չկա, որ ցանկացած ջանք պետք է ներդրվի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Չեմ կարծում, որ Հայաստանն այսօր բավարար քայլեր չի ձեռնարկում, որ լուծի հարցը: Պարզապես այս գործընթացը ժամանակ է պահանջում: Վստահ եմ, որ Հայաստանը գործադրում է իր բոլոր ռեսուրսները, որպեսզի Արցախը հետ վերադառնա բանակցային գործընթացին:
- Հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հայկական կողմն աշխատում է նախորդ հանդիպման ժամանակ ձեռքբերված առաջարկությունների վրա, բայց «Ադրբեջանը ԵԱՀԿ-ի ֆինանսական ու բյուջետային հանձնաժողովում խոչընդոտեց մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսավորմանը», իսկ հետաքննական մեխանիզմների ներդրումն այդպես էլ չմեկնարկեց: Այս պայմանավորվածությունները կմնա՞ն թղթի վրա, թե՞ մի օր կիրականացվեն:
- Բարդ գործընթաց է մեկնարկել, որը դժվար իրագործելի է Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Ադրբեջանը կփորձի խաղարկել այս պայմանավորվածությունները, որովհետև իրենց ձեռնտու չէ հետաքննական մեխանիզմների տեղադրումը: Հրադադարի պայմանագիրը խախտվում է Ադրբեջանի կողմից, սադրիչ գործողությունները, որոնք կատարվում էին իրենց կողմից, մնում էին անպատժելի, իսկ այսօր կարող են պատժվել, եթե տեղադրվեն այս սարքերը: Ուստի, չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի խոչընդոտել դրանց իրականացմանը կամ փնտրել պատճառներ, որ դրանք առժամանակ հետաձգվեն: